Հայաստանի կառավարությունը ժամանակավոր արգելք է սահմանել թուրքական ծագման ապրանքների ներմուծման վրա։ Այսպիսով՝ թուրքական արտադրանքը զրկվում է շուրջ 3 մլն-անոց շուկայում սպառումից։
Մինչդեռ մեր համազգային ներուժը Թուրքիային հասցվող իրական տնտեսական վնասը կարող է առնվազն եռապատկել։ Աշխարհի տարբեր երկրներում գտնվող մոտ 10 մլն հայերս պետք է հրաժարվենք թուրքական ծագման ապրանքներ ձեռք բերելուց։ Ավելին՝ առավել արդյունավետ կլինի թուրքական արտադրանքի բոյկոտումը դեմոնստրատիվ կերպով՝ դրա պատճառը հասանելի դարձնելով, օրինակ, եվրոպացուն և արաբին, ովքեր ոչ պակաս հակակրանք են տածում մերօրյա Թուրքիայի հանդեպ։ Բացատրեք ձեր կողքի արաբին, ֆրանսիացուն, հույնին, շվեդին, ռուսին, որ թուրքական ապրանքի վաճառքից գոյացող եկամուտից արտադրվում է զենք, որի միջոցով հեղվում է, ասենք, Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Արցախում խաղաղ բնակչության՝ կանանց, երեխաների, ծերերի արյունը։
Նման հասարակական մակարդակում իրականացվող գործողությունները շատ դեպքերում ավելի լայն տարածում են գտնում, քան որևէ պետության ներպետական գործիքակազմով նախաձեռնվածը։ Որպես օրինակ՝ վերջին օրերին նույն հասարակական մակարդակում թուրքական ապրանքի զանգվածային բոյկոտ է սկսվել նաև Սաուդյան Արաբիայում, Մարոկկոյում, որն ակտիվորեն տարածվում է նաև արաբական այլ երկրներում։
Եվ ուրեմն այս գաղափարը պետք է հնարավորինս տարածվի մեր հայրենակիցների շրջանում ամբողջ աշխարհում։
Հ․Գ․ Այս գաղափարն ակտիվորեն զարգացվում է պատերազմի օրերին թշնամու դեմ սոցիալական հարթակում շատ արդյունավետ պայքարող սոցցանցային բանակներից մեկի կողմից: Նախապատրաստման փուլում են նպատակային գործողություններ, որոնք բոլոր հարթություններում շատ ավելի կընդլայնեն թուրքական բոյկոտի սահմանները։
Մեր թշնամու ամենաթույլ տեղը տնտեսությունն է, համախմբված գործենք նաև այս ուղղությամբ՝ թշնամու պարտությունն ավելի արագ և ցավոտ դարձնելու համար։