Armday.am-ը գրում է․
Կապիտան ԱՐԹՈՒՐ ԽՈՍՐՈՎԻ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ կամ ինչպես զինակիցներն էին անվանում` Նիկոլը, ծնվել է 1991թվականի հոկտեմբերի 15-ին Արարատի մարզի Նշավան գյուղում: Հայրական գյուղում հիմնական կրթությունը ստանալուց հետո` 2008թ. ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որտեղ արդեն կրթություն էր ստանում ավագ եղբայրը՝ Գրիշան:
Ստանալով տանկիստի մասնագիտացում անցավ դասակ-վաշտ օղակներով, ծառայեց ուսումնական զորամասում, որտեղ էլ պատրաստեց ու կրթեց բազմաթիվ տանկի հրամանատարների, ովքեր կապիտան Նիկողոսյանի տված գիտելիքներն ու հմտությունները դրեցին հանուն հայրենիքի պաշտպանության: Կապիտան Նիկողոսյանը ծառայության ողջ ընթացքում վայելել է թե՛ վերադաս հրամանատարության, թե՛ ենթակա անձնակազմի սերն ու հարգանքը:
Նախքան մարտական գործողությունները` կապիտան Նիկողոսյանն իր ենթակա անձնակազմի հետ ՌԴ-ում մասնակցել է «Կովկաս 2020» զորավարժությանն ու ցուցաբերել փայլուն արդյունքներ: Սակայն նույնիսկ այդ ընթացքում նրա սիրտը հանգիստ չէր գտնում: Ամեն օր խնդրում էր, որ գոնե մի քանի վայրկյանով զանգեն իրեն ու ասեն, որ լավ են, նորմալ է ամեն բան: Զորավարժությունն ավարտելուց հետո` վերադառնալով հայրենիք, անմիջապես ռազմական տեխնիկան բերել է մարտական վիճակի ու ղեկավարելով անձնակազմը՝ մեկնել է ռազմաճակատ:
2020թ. հոկտեմբերի 15-ին իր իսկ ծննդյան 29-րդ տարեդարձի ժամանակ, մարտական գործողությունների թեժ պահին կապիտան Արթուր Խոսրովի Նիկողոսյանը պաշտպանելով ու մինչեւ վերջին վայրկյանը ուղղորդելով ենթակա անձնակազմին՝ ընկավ հերոսի մահով:
Կապիտան Նիկողոսյանի մասին խոսելիս բոլորը լցվում են հիացմունքով, թախիծով ու մեծ հարգանքով: Հիշում են նրա մշտապես առույգ ու ժպտադեմ հայացքը, թեւավոր դարձած արտահայտությունները, ընկերասիրությունն ու հերոսական կյանքը:
Ենթակա անձնակազմին միշտ հորդորում էր, որ պետք է քիչ քնել: Ասում որ, որ պետք է վայելել կյանքը: Դաշտային ելքերի ժամանակ սիրում էր մշտպես ամեն առավոտ անձնակազմի հետ մի քանի կիլոմետր վազել, իսկ երբ իրենից փորձում էին հետ ընկնել ծիծաղում էր նրանց վրա ու ստիպում, որ հասնեն իրեն: Երբեք չէր հոգնում: Մի քանի կիլոմետր երկարությամբ դիրքերն առանց կանգառների ամբողջ օրը քայլում էր:
Կապիտան Նիկողոսյանի կողքին բոլորն իրենց վստահ ու պաշտպանված էին զգում: Փայլուն տանկիստ ու հրամանատար էր: Սիրում էր ռազմական տեխնիկան: Անձնակազմին բացատրում էր, որ լավ տիրապետեն զինվորական գործին, քանզի դրանով են մի օր պաշտպանելու իրենց ու իրենց ընտանիքների կյանքը:
Այսօր նա դասվեց անմահ հերոսների շարքին: Նրա անունը գրվեց հերոս տղերքի գրքում: Դեռ երկար պիտի խոսվի մեր հերոս ընկերոջ մասին: Նրա ապրած կյանքի օրինակը կլինի բոլորիս համար ուղենիշ:
Փա՛ռք քեզ, մեր հերոս ընկեր… Փա՛ռք քեզ, մեր տանկիստ ընկեր… Քո մարդկային որակներն ու արժանիքները կպարտավորեցնեն մեզ միշտ հիշել ու գովերգել քեզ:
Լ-ՆՏ Ա.ԳԱՍՊԱՐՅԱՆ