168.am-ը գրում է․

«Արցախում ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված Սարմեն Այվազյանը նոր էր դարձել 19 տարեկան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նրա դասընկերուհին՝ Աննա Սարգսյանը:

Սարմենն ապրում էր ծնողների հետ, ունի 2 քույր, ինքը երեխաներից մեծն էր: Դասընկերուհին  հիշում է, որ դպրոցական տարիքից Սարմենը հայոց պատմություն առարկայի նկատմամբ յուրահատուկ սեր ուներ, դպրոցն ավարտելուց հետո էլ ընդունվել էր Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետ

«Սարմենի հետ 12 տարի միասին ենք սովորել: Դպրոցում ինքը շատ աշխույժ էր, տաքարյուն էր՝ լավ իմաստով, երբ ինքն ինչ-որ բան էր ասում, մենք գիտեինք, որ հիմնավորված է ասում: Շատ էր սիրում հայոց պատմությունը: Մի անգամ հայոց պատմության դասաժամին խոսում էինք դաշնակներից, բուռն քննարկում էր գնում, և դեմ կար, և կողմ, ինքը հելավ՝ ես դաշնակ եմ, ինձ ո՞վ կարող է բան ասի, ու ոչ մեկս ոչ մի բան չէինք կարող էլ խոսել, որովհետև, եթե ինքն ասում էր՝ ես դաշնակ եմ, դրա տակ ինչ-որ հիմնավորում ուներ: Անցած տարի ընդունվեց ԵՊՀ, առաջին կուրսի առաջին կիսամյակից զորակոչվեց: Մինչև զորակոչվելն էլ շատ ուրախ էր, ասում էր՝ ես գնալու եմ առաջնագիծ, ես ուրիշ տեղ չեմ գնալու: Դեկտեմբերին զորակոչվեց, Արցախում էր ծառայում…»,- պատմեց Սարմենի դասընկերուհին:

Չնայած, որ Մալիշկան շատ մեծ գյուղ է, Սարմենին բոլորը ճանաչում էին ու բոլորը սգում  նրա մահը: Աննան մեզ հետ զրույցում ասաց, որ նախքան զոհվածների ցուցակում Սարմենի անունը հրապարակելը, իրեն այդ մասին ասել էին, սակայն ոչ մեկին չէր ասել, չէր ուզում հավատալ այդ լուրին:

«Ինչքան գիտեմ՝ Սարմենը վերջին անգամ հոկտեմբերի 5-ին է տանեցիներին զանգել, դեպքի մասին առաջինը ես եմ լսել՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան, բայց ոչ մեկին չէի ասել, մտածեցի՝ սուտ կլինի, բայց հոկտեմբերի 8-ին զոհվածների ցուցակում Սարմենի անունը կարդացինք: Հոկտեմբերի 1-ին էլ ծնունդն էր՝ 19 ամյակը… Վերջին խոսակցությունը, որ լսել ենք, ձայնագրված ունենք՝ դասղեկիս հետ է եղել, պատահական է ձայնագրվել: Դասարանի տղաներին կոչ էր անում՝ սաղ լավ է, դուխներդ չգցեք, կռվում ենք: Նոր էլ դիրքի ավագի կոչում էր ստացել… Ուրախ ձայնագրություն է»,- պատմեց Սարմենի դասընկերուհի Աննա Սարգսյանը:

Սարմեն Սամվելի Այվազյանին օրեր առաջ հուղարկավորել են հայրենի Մալիշկա գյուղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել