Ցեղակրոն շարժման գաղափարաբանությունը Ցեղակրոնությունն է:  Անշուշտ, Ցեղակրոնությունը գաղափարական դատարկության վրա չէր ստեղծվում: Դրան նախորդել էին Ալիշանի, Րաֆֆու, Պատկանյանի, Վարուժանի, Ահարոնյանի եւ այլոց ցեղաշունչ գաղափարները: Սակայն նրանք տվել են գաղափարներ, բայց ոչ՝ գաղափարախոսություն: Նժդեհին էր վիճակված, խտացնելով ու ամփոփելով իր մեջ մինչ այդ եղած Հայ ցեղային միտքը, համակարգելով ու ամբողջացնելով այն, հիմք դնել հայկականորեն հիմնավորված՝ Հայի էության եւ բարոյականի վրա կառուցված մի ուսմունքի, որը կոչեց Ցեղակրոնություն: Ցեղակրոնության գաղափարները ծնունդ չառան գաղթաշխարհում, այլ՝ բերվեցին Հայրենիքից, որի լեռներում կյանքի կոչվել ու հաջող քննություն էին բռնել դրանք 1919-21թթ.-ին՝ Դավիթբեկյան Ուխտի ձեւով: «Հանձին մեր Դավիթբեկյան ցեղապահ ուխտերի՝ 1920-ին գործեց ու հաղթանակեց ցեղակրոնությունը», գրում է Նժդեհը: Նժդեհն իր ուսմունքը խարսխեց այն աստվածային ուժ-էության վրա, որ կոչվում է «Հայ ցեղ»: Եվ Ցեղակրոնությունը, առաջին հերթին, այդ ուժ-էությունից սերված լինելու, ասել է՝ Հայ ծնված լինելու գիտակցումն ու հպարտությունն է, այդ ծնունդին անմնացորդ նվիրվելու եւ ցմահ հավատարիմ մնալու ուխտը:  Նժդեհի համար՝ «ցեղ» հասկացության՝ մարդաբանության տված սահմանումներից «եւ ո՜չ մեկն է ընդունելի»: Առհասարակ, ըստ նրա, «դժվար է դա սահմանել գիտական լեզվով. այստեղ միա՜յն հարաբերական գիտականության մասին խոսք կարող է լինել»: Նժդեհին «բավական չեն հին եզրերը (տերմինները)», քանզի «նրանցով չի կարելի սպառել ցեղի ողջ տարողությունը»: Ըստ նրա ընդհանրացումների՝ «ցեղն ավելի՜ հոգի է, քան՝ կավ (իմա՜ նյութ,- Մ. Լ.)» : Այն նախաստեղծ է եւ գոյություն ունի արարչագործության սկզբից.
«Ցեղը նախագոյ է Աստծո նման»: «Նա ժամանակների վկան է, հավիտենական հայը, Աստծո գործակիցը»:  Ցեղը Ոգու եւ Արյան միություն է, հոգեկան խառնվածք ու կենսաբանական կազմվածք, միաժամանա՜կ. այն անկրկնելի հոգեկանն ու անխառն մարմնականը, որ մարդկային տեսակը (իմա՜ էթնոսը) դարձնում է ինքնատիպ եւ, որով տեսակները տարբերվում են իրարից: Այս ինքնատիպության պահպանման ու հավիտենականացման ճիգն է Ցեղակրոնությունը - հայորեն ապրելու եւ հարատեւելու տենչ, մղում: Ցեղակրոնության հիմքում ընկած են երկու հիմնարար սկզբունքներ՝
ա) մեր դժբախտությունների համար մեղավոր ենք նախ եւ առաջ մենք, 
բ) մեզ պետք եղած ուժը փնտրենք մեր մեջ: 
Ցեղակրոն ուսմունքը կառուցված է հետեւյալ տրամաբանական հաջորդականությամբ. «Ես ճանաչում եմ իմ ցեղը, ես հավատում եմ իմ ցեղին, ես պաշտում եմ իմ ցեղը, ես ցեղակրոն եմ»: Յուրաքանչյուր աշխարհայացքային ձեւ, լինի դա դիցաբանություն, կրոն, թե փիլիսոփայություն, սկսվում է ճանաչողությունից: Ցեղակրոնությունը սկսվում է Ցեղի ճանաչումով՝ ճանաչումը Ցեղի պատմության, մշակույթի, կենցաղի, ճանաչումը նրա արժեքների ու արժանիքների, նրա ներկայի ու ձգտումների, ճանաչումը համաշխարհային քաղաքակրթության մեջ Հայ ցեղի բերած պատկառելի ավանդի: 
- Ցույց տվե՜ք ժողովրդին իր ցեղի արեւ-դեմքը, որ նա ինքնատեսությամբ բարձրացնե իր խոնարհ ճակատը,- ասում է Նժդեհը՝ համոզված, որ իր արժեքների ու առաքինությունների ճանաչումով է ժողովուրդն ընդունակ հոգեփոխումի եւ որ դրանում է մտավորականության, գրականության, նա՜եւ, հեղափոխական շարժումների դերը:  Ցեղաճանաչողությունը, նաեւ, մեր ցեղային թերությունների ճանաչումն է, եւ Ցեղակրոնությունը դրանց սրբագրման՝ ցեղային վերաշինության լուրջ փորձ է:  Եվ պատահական չէ, որ Նժդեհը Ցեղակրոնության սուրբ գիրք է համարում ՙՀայոց Պատմությունը - Ցեղի կյանքի գիրքը՚, որը ցեղաճանաչումի, իմա՜ ինքնաճանաչումի գլխավոր աղբյուրն է:  Ցեղակրոնությունը անհատի ինքնաճանաչումը բխեցնում է ցեղաճանաչումից, քանզի «ճանաչի՜ր ինքդ քեզ» կնշանակի՝ ճանաչի՜ր նախ քեզ ծնող հավաքականությունը, այսինքն՝ Ցեղդ, որի ընդհանրական հատկանիշները պայմանավորում են քո անհատական կերտվածքը: Ճանաչի՜ր Ցեղդ. սա Ցեղակրոնության պատգամն է հայ նոր սերնդին:  Ցեղի ճանաչումից է բխում ցեղահավատությունը - հավատը մեր ցեղի ուժի, հանճարի, նրա կամքի ու կարողությունների, նրա ապագայի ու հավիտենականի նկատմամբ:  Հավատալ Ցեղին, կնշանակի՝ ունկնդիր լինել նրա ձայնին, հաղորդակցվել նրա հետ, լինել ցեղահաղո՜րդ: Դա ասել է՝ հաղորդակից լինել Ցեղի ուժին ու հանճարին, նրա ցավին ու հրճվանքին, դժբախտություններին ու մեծագործություններին: Վտանգի պահին Ցեղի ձայնը, մռնչո՜ցը լսելու ու դրան հետեւելու կամքն է ցեղահաղորդությունը:  Ցեղահաղորդությամբ թելադրված՝ Ցեղակրոնությունն անհատից պահանջում է անխախտ միությո՜ւն իր Ցեղի հետ՝ վերջինիս ճանաչելով որպես գերագույն ծնող: Այս առումով, նա ընտանիքը դիտում է որպես միջոց՝ Ցեղի հզորացման համար եւ գտնում, թե ընտանիքի զավակներն ավելի պատկանում են Ցեղին՝ գերագույն ծնողին, քան անմիջական ծնողներին:  Հաղորդակից լինել Ցեղին, կնշանակի՝ նրանով որոշել քո անհատական երջանկությունն ու ազատությունը: Ցեղակրոնությունը Ցեղի հավաքական բախտավորությամբ է պայմանավորում անհատի բաղձալի երջանկությունը, որ է՝ «տեսնել, թե ինչպե՛ս աճում է իր ժողովրդի զորությունը եւ արդարորեն ընդարձակվում է Հայաստանը»:  Ըստ Ցեղակրոնության` անհատի ազատության եւ նրա՝ որպես անհատականության ինքնադրսեւորումի մեծագույն չափը, ՙամենաբարձր արարքը՚՝ հնազանդվելն է Ցեղին: Այլ խոսքով, անհատն ազատ է այնքանով, որքանով չի հակադրվում Ցեղի շահերին եւ չի վնասում նրա բարոյականը, եւ նրա ինքնադրսեւորումը պետք չէ վերածվի ցեղամերժ եսականության: Որպես Ցեղի ապագայի նկատմամբ հավատ սերմանող բարոյախոսություն, Ցեղակրոնությունը չի քարոզում անզոր ճակատագրապաշտություն, այլ պարտավորեցնում է՝ պայքարով կերտել այն մե՜ծ ճակատագիրը, որին արժանի է Ցեղը: Ցեղակրոնության էական մասն է կազմում ցեղապաշտությունը - պաշտամունքը Ցեղի որակների, արժեքների ու սրբությունների: 
Հայրենապաշտություն
Դա նվիրական պաշտամունքն է այն հողի, որի վրա բնականորեն առաջացել է Հայ ցեղը, որի վրա նա կերտել է իր պատմությունը եւ ստեղծել իր մշակույթը, որում ամփոփված են իր զավակների աճյունները եւ որի սիրո ու ազատության համար զոհաբերվել են մեր մեծ մեռելները: 
Արյան պաշտամունքը
Ցեղակրոնության մեջ Ցեղի արյունը աստվածություն է, քանզի սրանով է նաեւ պայմանավորված Ցեղի հոգեմարմնական կերտվածքը: Ցեղակրոնությունը քարոզում է պաշտամունք Ցեղի արյան նկատմամբ, որի անարատության մեջ է տեսնում մեր ցեղի ապագան: Այլ խոսքով, Ցեղակրոնությունը մերժում է խառնացեղ ամուսնությունները: 
Լեզվի պաշտամունքը
Լեզվի հարցում Ցեղակրոնությունն անզիջում է. նա Հայից պահանջում է՝ հայ մարդու հետ խոսել հայերեն, հիշեցնելով, թե լեզվի մահը արագացնում է ժողովուրդների հոգեւոր մահը: Այդ մտահոգությամբ՝ նա պահանջում է պաշտամունք դեպի մայրենի լեզուն, որի մաքրությամբ եւ իմաստավորմամբ  է պայմանավորված մեր ցեղի հոգեւոր ապագան: 
Զոհապաշտություն
Դա պաշտամունքն է մեր ցեղի սրբազան մեռելների, «որոնք առյուծացան իրենց արիության մեջ, աստվածացան իրենց հոյակապ նվիրումի մեջ, որոնք իրենց արյունը շռայլեցին մեր ցեղի գոյությունը եւ պատիվը հավիտենականացնելու համար»
Նախնիապաշտություն
Ցեղակրոնությունը մեծագույն վատություն է համարում հոգեւոր խզումը հին ու նոր սերունդների միջեւ, որով խախտվում է Ցեղի երեկվա ու վաղվա օրգանական կապը: «Նորահաս սերունդը կտրվե՞ց անցնող կամ անցած գնացած սերունդներից՝ նա էապես կտրվում է մինչ այդ գոյու-թյուն ունեցող Ցեղի արժեքներից ու սրբություններից... Հին սերունդից կտրվողը դառնում է հոգեպես անհող եւ անուղի: Էականը հոգեհաղորդակցությունն է սերունդների միջեւ, որի շնորհիվ վերջինները փոխան-ցում են Ցեղի հավիտենական բոցը...»:  Հոգեհաղորդակցվել, ասել է՝ «պատմական հիշողությամբ վերապրել անցյալ սերունդների կյանքը՝ նրանց ճակատագրին կապելով մերը»:
Ցեղակրոնության մեջ հատկապես առկա է խորին ակնածանք դեպի Մամիկոնյան ռազմաշունչ ասպետները: «Ով այս կամ այն չափ ծանոթ է Հայոց պատմությանը, անմիջապես կհասկանա, որ Ցեղակրոն շարժումը, որպես ուխտ, նման է Մամիկոնեից ասպետների Ուխտին: Մամիկոնյանների պես, ցեղակրոնը դավանում է՝ ազգին անշահախնդիր նվիրվածություն եւ հանուն Հայրենիքի մահը քաջաբար ընդունելու վճռականություն»: 
Ուժապաշտություն
Ցեղակրոնությունը քարոզում է ուժի՜ պաշտամունք, քանզի աշխարհը ճանապարհ է տալիս ուժեղներին՝ հոգով, մտքով եւ բազկով ուժեղներին. հաղթում է ուժեղը եւ ո՜չ արդարը: 
- Ավելի՜, է՜լ ավելի զորություն,- նշանաբանում է Ցեղակրոնությունը (33), ձգտելով աշխարհ բերել զորությա՜ն մարդուն - վահագնապաշ-տի՜ն՝ ուժապաշտ եւ արիապաշտ, որի մոտ մշտակա է ծարավը ուժի, արի-ության, ճիգը՝ կատարելագործումի եւ կամքը՝ զոհաբերության: 
Առաջնորդապաշտություն
Ցեղակրոնության մեջ պաշտամունքի է ենթակա նաեւ Ցեղի ճշմարիտ առաջնորդը, որի աջն է գծում ճակատագիրն ազգերի, որին են պարտական ազգերն իրենց վերելքներն ու անկումները: Եվ Ցեղակրոնությու-նը պահանջում է՝ հնազանդվելով Ցեղի կամքին՝ գիտենալ հնազանդվել նաեւ Ցեղի առաջնորդին, որ կրողն ու ուսուցիչն է ցեղային բարոյականի:  Ցեղակրոնությունը գերագույն սրբություն է ճանաչում Ցեղին եւ հռչակում. «Հայ կոչվելու արժանի չէ նա, ո՜վ մեր երկրագնդի վրա հայ անունից ավելի մի այլ բան է սիրում»
- Եղի՜ր Հայ, նա՜խ Հայ,- պատգամում է Նժդեհը,- որովհետեւ Հայն իր պատմության մեջ ավելի մարդ եղավ, քան Հայ մարդ, եւ, այդ իսկ պատճառով, նրա ողբերգությունը եղավ անօրինակ... Ցեղակրոնությունը չի՜ ընդունում միայն կույր բնազդի կամ զուտ տրամաբանության վրա հենված ցեղապաշտություն, ցեղասիրություն: Նա կողմնակիցը չէ նրանց, «որոնք ցեղը սիրում են իրենց զգացումի ուժով, բայց մտքի տկարությամբ, ինչպես եւ նրանց, որոնք սիրում են մտքի ուժով, բայց կամքի տկարությամբ՚: Նա ջատագովն է նրանց, «որոնք ցեղը սիրում են իրենց անհատականության բովանդակ ուժով՝ մտքի, զգացումի եւ կամքի բովանդակ թափով»: Ցեղի արժեքների ու առաքինությունների իմացությունից, դրանց նկատմամբ ակնածանքից, պաշտամունքից է ծնվում անհատի ցեղային (ազգային) հպարտությունը: «Բարոյապես սնանկ է անհատը, երբ նրան պակասում է ազգային հպարտանքի զգացումը - ծնունդ՝ ազգային ինքնաճանաչության, որ իր սնունդը առնում է մեր պաշտամունքից դեպի այն ամենը, ինչ որ գեղեցիկ է, վսեմ եւ հերոսական Հայրենի Պատմության մեջ:  Հպարտանքի հետ կապված՝ Ցեղակրոնության մեջ կա մի էական խորհուրդ եւս. դա Ցեղի տիտանական ցավի, նրա դարավոր տառապան-քի ու ամոթանքի խորապես ապրումն է: Եվ Նժդեհը համոզված է, որ այդ ապրումի՜ց պիտ վերազարթնի մեր նվաստացած հպարտությունը եւ ծնունդ առնի մեր նոր՝ հպարտության կրոնը: Եվ այնժամ աշխարհ կգա ցեղի ցավից ցնցված, «սեփական տառապանքի մեջ մկրտված» ՆՈՐ ՀԱՅԸ (իմա՜ ցեղակրոն Հայը)՝ «ցեղային բարոյականով մյուռոնված», որ կոչված է հաղթահարելու մեր տկարությունները եւ «վերականգնելու մեծությունը Հայ անունի»:  Ըստ այդմ, Ցեղակրոնությունը աշխարհի անիրավությունից վիրավորված, այդ աշխարհից զարնված ու անարգված Հայ հոգու ահեղ զայրույթն է: Դա պոռթկումն է ստրկության դարավոր քնից արթնացած Հայի, որի տառապանքից ու հալածանքից փոթորկվել է նրա խոցված հպարտությունը:


«Ցեղակրոն և Տարոնական շարժումները»
Մուշեղ Լալայան, Եր., 2011
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել