168.am-ը գրում է․

«Ակնհայտ է, որ Մոսկվան տրամադրված է ճնշել, դադարեցնել պատերազմը»,- այս մասին այսօր 168am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի հաջողվում կյանքի կոչել Մոսկվայում օրեր առաջ համաձայնեցված հրադադարը, և ինչո՞ւ են դանդաղում նաև  զինվորականների մակարդակով բանակցությունների արդյունքները։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Մոսկվայում Մնացականյան-Լավրով-Բայրամով ձևաչափով բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները հրադադարի շուրջ չեն գործում, և արդեն 2-3 օր է, ինչ հրադադարի հաստատման բանակցություններին ռուսական կողմից միացել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն:

Սա այսօր իր մեծ ասուլիսի ընթացքում հաստատեց նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ զինվորականները պետք է համաձայնեցնեն հրադադարի մի շարք մանրամասներ, և ակնարկեց, որ Մոսկվայի համար նախընտրելի է, որ հրադադարը տեղում վերահսկեն  ռուս զինվորական դիտորդներ՝ ասելով, որ դրան պետք է համաձայնեն Հայաստանն ու Ադրբեջանը։

Ըստ Սերգեյ Լավրովի, անհապաղ կերպով պետք է հանդիպեն զինվորականները։ «Վերջին օրերի ընթացքում ես մի քանի անգամ շփվել եմ իմ գործընկերների հետ Բաքվում և Երևանում, նույնն արել է Սերգեյ Շոյգուն պաշտպանության նախարարների հետ, ինչպես նաև նախագահը, ով խոսել է հակամարտող երկրների ղեկավարների հետ, և մեր հիմնական ուղերձն ամեն դեպքում հետևյալն է, որ հարկավոր է անհապաղ հանդիպել զինվորականների մակարդակում և հրադադարի վերահսկողության այդ մեխանիզմը հաստատել, որի մասին խոսվում է մեր փաստաթղթում, որը դեռ ոչ մեկը չի էլ սկսել նույնիսկ քննարկել։ Համապատասխան ուղերձները ես վերահաստատեցի հենց կես ժամ առաջ, երբ ինձ զանգահարեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, նույնպիսի ուղերձ մենք ուղարկում ենք մեր հայ գործընկերներին, կարծում եմ՝ այս պահին դա բանալին է հրադադարի կայուն հաստատման»,- ասել է այսօր Սերգեյ Լավրովը։

Այսօր իր հերթին՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ ռուս զինվորականները ստուգում են Հայաստանում օբյեկտներից մեկի ոչնչացման մասին տեղեկատվությունը։

«Նրանք մշտական կապի մեջ են երկու կողմերի գործընկերների հետ: Գիտեք, որ նախարար Շոյգուն հեռախոսային զրույցներ է ունեցել երկու կողմերի իր գործընկերների հետ: Այս տեղեկատվությունը ստուգվում և վերլուծվում է»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։

«Ավելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ պնդումը չի կարող որևէ հիմնավորում ունենալ։ Փաստացի, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն թույլ է տալիս թիրախավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և բնականոն մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա։ Վերահաստատելով, որ մինչև այս պահը Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ»,- նշված էր հաղորդագրությունում։

Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ  հրադադարը չի պահպանվում, և դա հաստատելու շուրջ զինվորական բանակցությունները ևս դանդաղում են, քանի որ երկու կողմերն էլ  գոհ չեն  նրանից, թե ինչպես է ընթանում պատերազմը, և անընդհատ ցանկանում են ուղղել իրավիճակը պատերազմի դաշտում։

«Հենց այդպես էլ եղավ Մինսկի համաձայնությունները ստորագրելիս Դոնբասի շուրջ,  պարզապես այնտեղ Ռուսաստանն ավելի մեծ ազդեցություն ուներ իրավիճակի վրա, հենց այդ պատճառով այնտեղ ավելի արագ կերպով դադարեցին գործողությունները։ Իսկ այստեղ ավելի բարդ է։ Ռուսաստանն ուղիղ կերպով չի մասնակցում այս հակամարտությանը՝ ի տարբերություն նրա, ինչ Դոնբասում էր, բայց դրա փոխարեն՝ ուղիղ կերպով դրան մասնակցում է Թուրքիան»,- ասաց Խրամչիխինը։

Նա նշեց, որ Ռուսաստանը կողմ չէ և չի ցանկանում դառնալ հակամարտության կողմ, Ռուսաստանը բազմիցս անդրադարձել է միջամտության հարցին, ռազմական գործողություններում միայն Ղարաբաղի մասնակցության դեպքում Ռուսաստանը ոչինչ չի կարող անել, այդ մասին իշխանությունները նշել են։

«Եթե լինեն հարվածներ Հայաստանի ուղղությամբ, դրանք  կուսումնասիրեն և դրանից ելնելով՝ որոշումներ կկայացնեն։ Այսօր ևս եղավ հայտարարություն, որ ցանկանում են իսկապես հասկանալ, թե ինչ է  տեղի ունեցել Հայաստանի ուղղությամբ»,- ասաց Խրամչիխինը։

Ըստ նրա՝ թե Հայաստանը, և թե Ադրբեջանը դժգոհ են այս պահին  պատերազմի արդյունքներից։

Նրա խոսքով՝ սա է կողմերի գլխավոր դժգոհությունը՝ արդյունքների բացակայությունը պատերազմի դաշտում։

Ռազմական վերլուծաբանը դժվարանում է կանխատեսել, թե ինչպես կընթանան զարգացումները։

«Այս ամենի զարգացումը կախված է նրանից, թե որքան ուժեղ ճնշումներ կգործադրի Մոսկվան կողմերի նկատմամբ, և ինչ ռեսուրսներ ունեն կողմերը։ Դա չեմ կարող ասել։ Ակնհայտ է, որ Մոսկվան տրամադրված է ճնշել, դադարեցնել պատերազմը, և դրա համար ներդրվում են ջանքեր և կներդրվեն»,- ասաց Խրամչիխինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել