Hayeli.am-ը գրում է.
Սյունիքի մարզում տեղի ունեցած կրակոցներից հետո մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեցին նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի մութ ու կասկածելի անցյալի հանցավոր էջերը, որոնք մինչ այդ եթե անգամ հայտնի են եղել ինչ-ինչ շրջանակների համար, սակայն դրանց մասին հիմնականում խոսվել է գաղտնի՝ սատանի ականջից հեռու։Եվ, իհարկե, ոչ մեկի մտքով անգամ չի անցել, որ տարիների ընթացքում կատարած տարաբնույթ հանցագործությունների համար հնարավոր է, որ Սուրեն Խաչատրյանը կանգնի դատական պատասխանատվության առջեւ։ Եվ այդպես էլ կա. Փաստացի մարդասպանությունից հետո Սուրեն Խաչատրյանի որդին ձերբակալվել է, Բուդաղյանները ճանաչվել են մեղադրյալ կողմ, իսկ ինքը՝ նախկին մարզպետը, անարգել պտտվում է մայրաքաղաքի նախընտրած սրճարաններում, զրուցում, ապագայի ծրագրեր կառուցում։
Երեկ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը aravot.am-ի հետ զրույցում հանրության ուշադրությանը ներկայացրեց Սյունիքի մարզում ծավալված այլ ուշագրավ դրվագներ, այս անգամ՝ Սուրեն Խաչատրյանների եղբայրների եւ նրանց որդիների կատարմամբ։ Եվ այսպես, պարզվում է, որ նախկին մարզպետի մականունավոր եղբայրները՝ Սեյրան Խաչատրյանը /Աղալար/ եւ Սերոբ Խաչատրյանը Սուրեն Խաչատրյանի մարզպետ լինելու հանգամանքով պայմանավորված դեռեւս ճաղավանդակների ետեւում չեն։ Բայց բոլոր այս տարիների ընթացքում եղբայրներն ու նրանց որդիները համատեղ ուժերով հասցրել են մարդկանց սպանել, ընտանիքների տեռորի ենթարկել, դաժան ծեծի ենթարկել եւ այլ մանր ու մեծ խուլիգանություններ անել։
Այս պատմության մեջ ուշագրավ հանգամանքներից մեկն այն է, որ Սեյրան Խաչատրյանին կալանքից ազատելու համար գժի թուղթ են ձեւակերպել։ Սակայն ստատուսով խելագար այս մարդը ոչ խենթանոցում է, ոչ էլ բանտում եւ շարունակում է ապրել բաց ու արձակ տարածքում՝ ամեն վայրկյան սպառնալով հերթական արյունոտ խելագարությունը կազմակերպել։
Ստացվում է, որ Սյունիքի մարզի բնակիչները սպանվելուց կամ ծեծվելուց խուսափելու համար կա՛մ պիտի կարողանան լեզու գտնել գժի հետ, կամ՝ առնվազն հարմարվեն այն մտքին, որ մարզը դարձել է մի մեծ գժանոց, որտեղ պետք է ապրել մտագարների օրենքների հանգույն։
Երկու դեպքում էլ, պարզ բան է, որ կլինեն մեծամասշտաբ ողբերգություններ, որովհետեւ խելագարի հիվանդագին հակումներից խուսափելու համար պետք է կամ ընդհանրապես տնից դուրս չգալ, ինչը հնարավոր չէ, որովհետեւ ապրել է պետք, կամ՝ իրենք իրենց խելագարի տեղ դնել ու զարկ տալ տուրուդմփոցներին եւ հաշվերահարդարներին։
Ինչպես տեսնում եք, ամենաճիշտ տարբերակը միակ ու հիմնական խելագարին համապատասխան վայրում փակելն է՝ կամ բանտում, կամ՝ գժանոցում։ Այլ տարբերակ չկա։ Ուստի, միանգամայն արդարացի կլիներ, եթե Բուդաղյանների գործին զուգակցվեին նաեւ Սեյրան եւ Սերոբ Խաչատրյանների ու նրանց որդիների մյուս հանցագործությունները։ Սրանով մեծ օգնություն կցուցաբերեին Սյունիքի մարզի բնակիչներին, ովքեր տարիներ շարունակ ապրել են բժշկի կողմից հաստատված գժերի հետ նույն տարածքում, ընդ որում, իրեն մարզի տեր ու տիրական զգացող, ամենաթողության զգացումով սանձազերծված գժերի հետ։