1lurer.am-ը գրում է․
Sky News Arabia հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում է ադրբեջանական բանակի շարքերում Արցախի դեմ կռվող սիրիական վարձկանների մասին:
Արաբական հեռուստաալիքը նշում է, որ թուրքական կողմը կարևոր դեր է խաղում վարձկաններին Ադրբեջան տեղափոխելու հարցում: Վկայակոչելով Independent թերթին՝ հեռուստաալիքը հայտնում է, որ սիրիացի գրոհայինները չգիտեն, թե որտեղ է գտնվում Ադրբեջանը, սակայն փողի գայթակղությունը մեծ է: Ըստ Sky News Arabia-ի նրանք ամսական ստանում են 1200 դոլար:
Արաբական հեռուստաալիքը պարզել է նաև, որ Իդլիբում գտնվող վարձկանների ընտանիքները չեն ստանում խոստացված աշխատավարձերը: Հարազատները նույնիսկ փոխհատուցում չեն ստանում զինյալի մահվան դեպքում: Միայն անցած մի քանի օրվա ընթացքում 55 սիրիացի վարձկանի դիակ է տեղափոխվել Սիրիայի հյուսիս:
Լեռնային Ղարաբաղ Թուրքիայի հետ կապված հարյուրավոր սիրիացի զինյալների տեղակայմանն է անդրադարձել նաև The Wall Street Journal պարբերականը, որը, ի դեպ, նշել է, որ վարձկանները ստանում են 2000 դոլար:
Թերթի զրուցակիցներից մեկի խոսքով՝ գրոհայիններին Ղարաբաղ են ուղարկել սեպտեմբերի կեսերից՝ հարյուր հոգանոց խմբերով: Վարձկանների հետ կապ ունեցող մեկ այլ սիրիացի հաստատել է, որ հարյուրավոր մարդիկ մեկնել են տարածաշրջան, բայց «տասնյակներն արդեն վերադարձել են՝ անհանգստացած կատաղի մարտերից»:
Մեկ ուրիշն էլ նշել է, որ «կորուստները սիրիացի մարտիկների շրջանում արագ աճում են», և «մոտ 200 սիրիացի արդեն խնդրել են իրենց վերադարձնել»:
Թուրքիայի պաշտոնյաների աղբյուրները լրատվամիջոցին հայտնել են, որ Անկարան երկշաբաթյա զորավարժություններ է կազմակերպել Ադրբեջանում և «այդ երկրի իշխանություններին տրամադրել է հարվածող անօդաչու թռչող սարքեր»: