Սեպտեմբերի 27-ից ես ու իմ փոքրիկ թիմը, որքան կարողացել ենք, մեր համեստագույն ներդրումն ենք ունեցել Հայրենիքի պաշտպանության գործում:
Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների առանձնահատկություններից ելնելով՝ մենք հնարավորինս արձանագրել ու հրապարակայնացրել ենք ադրբեջանական զինված ուժերի կատարած հանցագործություններն ու դրանց հետևանքները, ինչի պատճառով փաստացի դարձել ենք բացասական լուրեր ու մեկնաբանություններ գեներացնող հաստատություն՝ ավելի շատ կենտրոնանալով միջազգային լսարանների ուղղությամբ:
Այնուամենայնիվ, կուզեի ասել, որ այս հայրենական պատերազմը լի է բազմաթիվ դրական ու հերոսական դրվագներով ու կերպարներով, որոնք պետք է նկատել ու պայքարել դրանց ավելացման ուղղությամբ: Շատ քչերն են պատկերացնում, թե ինչ ծավալի ու տեսակի վայրագություններ են կանխել ու կանխում մեր առյուծ-տղաները: Հենց այսօր էլ նրանք մեծ գործեր են արել...
Ուստի իմ խորագույն երախտագիտությունն եմ հայտնում բոլոր-բոլորին, ովքեր այս կամ այն ձևով ու չափով սրտանց նպաստում են յուրաքանչյուրիս կյանքի ու արժանապատվության պաշտպանության սուրբ գործին՝ դիրքապահ տղաների աներկբա առաջնորդությամբ: Նաև սրտանց ցավակցություններս եմ փոխանցում մեր հերոս զոհերի բոլոր հարազատներին:
Ամուր պահենք թիկունքը, և առաջնագիծն էլ ամուր կլինի: