Վրաստանի գորոծող վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարական տալ մինչև տարեվերջ և զբաղվել հասարակական գործունեությամբ: Նրա գերնպատակն է լինելու մաքրել Վրաստանը էլիտար կոռուպցիայից, հիվանդանոցներ և դպրոցներ կառուցել:
Եթե Իվանիշվիլին չմտափոխվի, ապա նա հրաժարական կտա այս տարվա հոկտեմբերի 27-ին նշանակված նախագահական ընտրություններից անմիջապես հետո:
Հիշեցնեմ, որ Իվանիշվիլին պարբերաբար կրկնում էր, որ իր նպատակը ոչ թե իշխանության մնալն է, այլ Սահակաշվիլիի ռեժիմի վերջը դնելն է, և եթե նա հավատարիմ մնաց իր խոստմանը, դա կլինի աննախադեպ մի երևույթ՝ ողջ հետխորհրդային տարածքի համար: Ասեմ ավելին, ամեն ինչ խոսում է նրա մասին, որ Իվանիշվիլին իրոք դուրս կգա քաղաքականությունից, ու դա ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները:
Նախ, եկեք հասկանանք, որ մոտ 16 միլիարդ դոլար գնահատվող կարողություն ունեցող Իվանիշվիլիի համար օրակարգում արդեն երևի չկա էլ ավելի հարստանալու պլան, համենայն դեպս՝ ժողովրդին հարստահարելու միջոցով հարստանալու: Երբ այդքան փող ես ունենում, արդեն ավելի ակտուալ են լինում իշխանությունն ու պատմության մեջ մնալու ձգտումը:
Կարելի է ենթադրել, որ Իվանիշվիլիի համար Վրաստանի վարչապետի պաշտոնը ինքնանպատակ չէ, ու նա գերադասում է հավերժացնել իր անունը վրաց ու ոչ միայն վրաց պատմության մեջ, որպես ժողովրդական առաջնորդ, ով եկավ սիրված ու գնաց այդպիսին՝ միևնույն ժամանակ մնալով ժողովրդի կողքին:
Ինչևէ, կարծում եմ՝ կարելի է անաչառ գտնվել ու գնահատել էքսցենտրիկ այս միլիարդատերի անգամ նման մոտիվացիան, որովհետև ակնհայտ է, որ նրա գլխավոր դատավորը՝ վրաց ժողովուրդը, նրան սիրում է, իսկ դա ամենակարևոր չափորոշիչն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/desicdenicblog/posts/210218822467482
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել