Ինքնիշխանության հիմնական ֆունկցիան ինքնիշխան համույթի՝ ազգի, ազատությունների, ամենակարեւորը՝ կյանքի իրավունքի, անվտանգության, ապահովումն է։
Ինքնիշխանության իմաստը չի կարող լինել հակառուսականությունը, եթե Ռուսաստանի շահերը տվյալ պահին նպաստում են քո անվտանգությանն ու ազատություններին։ Եվ նմանապես ինքիշխանության իմաստը չի կարող լինել ռուսամոլությունը, եթե այն չի բխում քո անվտանգության եւ իրավունքների պաշտպանությունից։
Ինքնիշխանության իմաստը, նույն չափանիշներից ելնելով, չի կարող լինել հակաարեւմատականությունը, հակաիրանականությունը, հակաիսլամիզմը եւ այլն, եթե այնտեղ կան տարրեր, որոնք կարող ես օգտագործել քո անվտանգության, իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար։
Ինքնիշխանության իմաստը հզոր բազմաբեւեռ վեկտորների փնջի ստեղծումն է, որտեղ որեւէ վեկտորի թուլացման դեպքում դու կարող ես ակտիվացնել մյուսները, այնպես, որ չտուժեն քո ազատությունները, ամենակարեւորը՝ քո անվտանգությունը։
Ինքնիշխանությունը մարդ արարածի հզորագույն բնական իրավունքն է, որի իմաստը ռեսուրսներ եւ կապեր կուտակելն է եւ նրանց համադրելն է ավելի անվտանգ ու ավելի հզոր երկիր ունենալու համար, որտեղ կկարողանաս իրագործել քո ազատությունները, եւ վերջիններս չպետք է խաթարեն հանրային անվտանգությունն ու համակեցությունը։