Ֆրանսիական Liberation պարբերականն անդրադարձել է Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված մարդասիրական հրադադարին՝ նշելով, որ գերիների և վիրավորների փոխանակման համար կրակի դադարեցման մասին համաձայնությունն ամբողջապես կյանքի չի կոչվել:

Պարբերականը հրադադարի ընթացքում ադրբեջանական կողմից հրետակոծված Արցախի բնակիչների հետ է զրուցել. վերջիններս պատմել են իրենց ավերված տների, դատարկ փողոցների ու այս օրերին իրենց կենսակերպի մասին: 

Պարբերականը զրուցել է Աշոտն Աղախանյանի հետ, որի տան ու ախոռի մոտակայքում շաբաթ երեկոյան ընկած արկի հետևանով մոտ երեք մետր խորությամբ փոս է առաջացել: Նշվում է, որ 54-ամյա Աշոտի տան պատերը խարխլվել են, օդում դեռևս զգացվում է այրվածի հոտը, սակայն հրադադարից անմիջապես հետո նա եղբոր հետ շտապում է նորոգել ավերվածը: 

Հոդվածը պատմում է նաև մի կնոջ մասին, որը չնայած կրակին ամեն օր Ստեփանակերտի եկեղեցում ժամերգության է մասնակցում և հավաստիացնում, որ «եթե 1992 թվականի պատերազմից հետո կարողացել են վերակառուցել քաղաքը, ապա այժմ նույնպես կկարողանան»: 

Մոտակա գյուղերից 26-ամյա Սամվել Պետրոսյանն ու նրա ընկերը՝ 35-ամյա Տիգրան Բալասանյանն էլ նշում են, թե արդեն կրակի դադարեցմանը չեն հավատում, ուստի՝ մոտակա ժամանակները պատրաստվում են ռազմաճակատ մեկնել: 

Պարբերականի լրագրողները նաև զրուցել են Երևանի հիվանդանոցների աշխատակիցների հետ, որոնք փաստել են, որ հրադադարի ժամանակ ավելի շատ հիվանդների են ընդունել, քան պատերազմի ընթացքում: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4719 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 480 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել