Երեկ շատ հետաքրքիր մի երևույթ գրանցվեց Ադրբեջանում, որի վրա արժե ուշադրություն դարձնել։
Ինչպես գիտեք, Ադրբեջանում ինֆորմացիոն վակուում է. բացի պաշտոնականից՝ գրեթե ոչ մի այլ տեղեկատվություն չի հրապարակվում։ Սոցցանցերը ևս սահմանափակումներով են աշխատում։ Այդպիսի պայմաններում պետությունը և առաջին հերթին Իլհամ Ալիևն է դարձել տեղեկության գլխավոր աղբյուրը, և հասարակությունը հենց իրենից է սպասում գլխավոր լուրերը ռազմաճակատի մասին։
Նման իրավիճակում երեկ առավոտյան՝ Գյանջայի վրա մեր հարվածներից անմիջապես հետո, ադրբեջանական սոցցանցերում տարածվեց մի հեշթեգ՝ «#AliBaşKomandanCavabVerBizə», որ բառացի թարգմանվում է՝ «Գերագույն գլխավոր հրամանատար, պատասխան տո՛ւր մեզ»։ Ի սկզբանե այս հեշթեգով ժողովրդական լայն զանգվածները դիմում էին նախագահ Ալիևին՝ ակնկալելով վերջինիս կողմից պատասխան, թե երբ է նա հրաման տալու պատասխան հարված հասցնելու Հայաստանին՝ վերջինիս «պատժելու ու վերջնական ոչնչացնելու» համար։ Այս ցանցային մոբիլիզացիան տարերային բնույթ ուներ և ողջունվում էր իշխանությունների կողմից։
Սակայն օրվա ընթացքում աստիճանաբար այս հեշթեգով սկսեցին հայտնվել հաղորդագրություններ, որոնցում ժողովուրդն իր զայրույթն էր արտահայտում Ալիևի ռեժիմի նկատմամբ և պատասխան էր պահանջում բոլոր մեղքերի ու հանցագործությունների համար, այդ թվում՝ տասնյակ զոհերի ու պատերազմը տանուլ տալու համար։ Այս առումով զուգահեռ տարածում գտավ ևս մեկ հեշթեգ՝ «Ոչ մեկի հորը պարտական չենք»՝ ակնհայտորեն ակնարկելով Հ. Ալիևին և նրանից ժառանգություն ստացած Ի. Ալիևին։ Ահա այդ թեմայով ժողովրդական բանահյուսության մեկ վառ օրինակ.
Verilən can, axıdılan qan bizim
Yox olsun diktator, Heydərçi rejim
(Տրված զոհը, թափվող արյունը մերն են,
Թո՛ղ կորչի բռնապետը, Հեյդարի ռեժիմը։)
Տեղի ունեցածը տիպաբանորեն շատ նման է հուլիսյան հայտնի ցույցին Բաքվում, երբ իշխանության թողտվությամբ Ղարաբաղը պահանջող հայրենասերների տարերային ցույցն ինչ-որ պահից վերաճեց իշխանությունների դեմ բողոքի ցույցի (այդ մասին տե՛ս իմ մանրամասն գրառումը՝ https://t.me/varuzhandragoman/459)։
Ինչի՞ մասին է սա վկայում։
Ադրբեջանում իշխանությունները գնալով ավելի մեծ խնդիր են ունենում հասարակության հետ հաղորդակցվելու գործում. դժվար է լինելու արդարացնել հազարավոր զոհերը (որոնց մասին մենք իմանում ենք նույն սոցցանցերում դժգոհ գրառումներից), հատկապես, եթե որպես ադրբեջանական կողմից լիարժեք ձեռքբերում ցույց են տրվում միայն մի քանի դիրքային նվաճումներ։ Հենց սրանով պետք է բացատրել Ալիևի ռեժիմի կողմից վերջին երկու օրվա անդադար փորձերը՝ նվաճելու Հադրութ քաղաքը՝ որպես խորհրդանշական մեծ ձեռքբերում։
Ավելին՝ պատերազմի շարունակության պարագայում հնարավոր ձեռքբերումների անհամեմատելիությունը ծախսված ռեսուրսների և հազարավոր կորուստների հետ անխուսափելիորեն բերելու է Իլհամ Ալիևից՝ որպես պատերազմի կազմակերպչից լայն դժգոհություն, որի սաղմերն արդեն այսօր սպրդում են նույնիսկ տեղեկատվական բլոկադայի պայմաններում։ Ադրբեջանցիները դժգոհում են, որ Ալիևն ունակ չէ հաղթելու իրենց ընկալմամբ հեշտ պատերազմում։
Անհրաժեշտ է նշել նաև, որ խոսք չկա Ադրբեջանի հասարակության ներսում Արցախից հրաժարվելու մասին։ Ադրբեջանական հասարակությունը գրեթե լիարժեք կերպով ընկալում է Արցախը՝ որպես մի «Պաղեստին»՝ արդարության, լավ ապագայի ու հայրենիքի գլխավոր խորհրդանիշ, ուստի ակնկալել, որ Ադրբեջանում իշխանափոխությունը կարող է փոխել առկա իրողությունը, սխալ է։
Հետևաբար Արցախի հարցի վերջնական լուծումը Ադրբեջանի ռազմական պարտությունն ու Ադրբեջան պետության կործանումն են։ Այլ սցենարների դեպքում Ադրբեջանը չի համաձայնվի որևէ հավակնությունից ոչ միայն Արցախի, այլև Սյունիքի ու ՀՀ այլ հատվածների հանդեպ։