Armeniasputnik.am-ը գրում է․

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը իր թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ զրույցում Թուրքիային կոչ է արել չմիջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Տեղեկությունը նա լրագրողներին հայտնել է օնլայն կոնֆերանսի ժամանակ, հաղորդում է National Post-ը։

«Իմ ուղերձը շատ հստակ էր՝ Թուրքիան և այլ արտաքին ուժեր չպետք է խառնվեն հակամարտությանը։ Մենք բավականին կոշտ զրույց ունեցանք այդ թեմայով, և ես Չավուշօղլուին հստակ հասկացրեցի Կանադայի դիրքորոշումը», - ասել է նախարարը լրագրողներին։

Նա նաև Չավուշօղլուին կոչ է արել աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալուն: Շամպայնը լրագրողներին ասել է, որ Չավուշօղլուն համաձայնել է նրա հետ, որ Ղարաբաղյան հակամարտության համար ռազմական լուծում չկա։

Շամպայնը Կիրակի կմեկնի Եվրոպա՝ դաշնակիցների հետ հակամարտության թեմայով բանակցելու համար, գրում է National Post-ը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5–ին Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է, որ Կանադան դադարեցնում է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը:

Ավելի վաղ Կանադայի հայ համայնքը հայտարարել էր, որ Արցախում կիրառվող թուրքական ԱԹՍ–ների սենսորները կանադական արտադրության են։ Դրանից հետո Կանադայի արտաքին գործերի նախարարը հանձնարարել էր հետաքննել, թե արդյոք Արցախի դեմ կիրառվող անօդաչու թռչող սարքերում կանադական տեխնիկա է կիրառվում։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել