Armtimes.com-ը գրում է․

Ստեփանակերտի բնակիչ, երեսունամյա Տաթեւիկ Աղաջանյանի խոսքով՝ շատ դժվար է շարունակ ռմբակոծության վախի մթնոլորտում ապրելը, բայց ժամանակի հետ կարծես հարմարված լինի դրան․ սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ պատերազմի առաջին օրը, նա աղմուկ է լսել ու պատուհանից նայելով՝ տեսել, որ երկու տղամարդ իրենց համար հանգիստ ծխում են, մտածել է՝ երեւի որոտ է եղել, բայց երկնքում ոչ ամպ կար, ոչ էլ եղանակն էր մռայլ։ Հետո պիտի պարզվեր, որ գալիք օրերն էին մռայլ լինելու․․․

Տաթեւիկ հետ նախապես պայմանավորվում ենք, թե որ ժամին է առավել հանգիստ ու պակաս անվտանգ՝ զանգահարելու, խոսելու համար, բայց հարվածները քաղաքի վրա ընտրված ժամն էլ են փոխում, զրույցի ընթացքն էլ։

Տաթեւիկ Աղաջանյանը արմատներով Արցախից է, մասնագիտությամբ՝ լրագրող, սակայն պատերազմական այս օրերին առավել կարեւորում է կամավորական աշխատանքը։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա պատմում է, որ կարեւորը՝ այս օրերին օգտակար զբաղմունք գտնելն ու ինչ-որ ձեւով օգտակար լինելն է․ իր ընկերուհու հետ հաց է թխում զինվորների, երբեմն նաեւ՝ բնակիչների համար․ «Պատահում է՝ շրջում եմ մոտ տարածքներում, մարդկանց հետ՝ զրուցում, բայց այս օրերին լրագրողական գործը այնքան էլ առաջնահերթ չեմ համարում․ այստեղ շատ կան լրագրողներ, որոնք լուսաբանում են պատերազմը, եւ քանի որ փռերի աշխատողները չեն հասցնում իրենց գործը, ընկերուհուս հետ փորձում ենք ինչ-որ ձեւ օգտակար լինել»։

Տաթեւիկի խոսքով՝ չնայած, որ առաջին օրը ադրբեջանական զինված ուժերը դեռ չէին թիրախավորել մայրաքաղաք Ստեփանակերտը, այդ պահից ի վեր մարդիկ սկսեցին ապաստարաններում պայմաններ ապահովել. իրար օգնելով ու հուսադրելով՝ տաք հագուստ, սնունդ, անհրաժեշտ իրեր հավաքեցին մի տեղում․ «Երբ տագնապի ազդանշան էինք լսում, միանգամից իջնում էինք ներքեւ, բայց հետո արդեն՝ չեմ հիշում, թե կոնկրետ որ օրվանից, մշտապես ապաստարանում էինք, որովհետեւ ամբողջ օրն էին խփում քաղաքին»,- պատմում է նա ու հավելում, որ սկզբնական շրջանում հարվածները կանոնավոր էին․ հարվածում էին առավոտյան ու երեկոյան ժամերին, ու այդ ընթացքում մարդիկ կարողանում էին դուրս գալ, գնալ տուն, իրեր բերել-տանել, բայց վերջին օրերին հարվածները դարձել են անկանոն ու անկանխատեսելի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել