168.am-ը գրում է.

Որպեսզի գնահատենք, թե ինչ խնդիր է դրել Ադրբեջանն իր առջեւ սկսելով այս մարտական գործողությունները, պետք է դա անպայման կապենք Թուրքիայի հետ: Այս մասին «Զինուժ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչ գերխնդիր ուներ Ադրբեջանն ի սկզբանե այսպիսի լայնածավալ մարտական գործողություններ սանձազերծելիս եւ ինչի կարողացավ հասնել անցած 12 օրերի ընթացքում:

Նա ընդգծել է, որ այստեղ գործում է ոչ միայն ադրբեջանական բանակը, այլ գործում է Թուրքիան, որն իրականացնում է իր աշխարհաքաղաքական խնդիրները, իսկ դա Թուրանի ստեղծումն է, ինչի մասին Էրդողանը բացահայտ հայտարարել է:

«Բոլոր պետությունները գիտակցում են, թե ինչ է անում Էրդողանը: Ինքը, սկսելով ռազմական գործողությունները, ուներ նպատակ՝ երկու ուղղություններով հասնել դեպի Հայաստանի սահման եւ փակել Լաչինի միջանցքը, Ղարաբաղը թողնել շրջափակման մեջ եւ լուծել իր խնդիրը: Եթե 12 օրը գնահատենք, կտեսնենք հետեւյալը՝ նա իրենց ողջ բանակի նույնիսկ առաջին օրվա խնդիրը չի կարողացել լուծել»,- ասաց Վաղարշակ Հարությունյան։

Իսկ թե ինչու է հակառակորդն իր հիմնական ուժերն ուղղել հարավային ուղղությամբ, Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ այստեղ լուծվում է Թուրքիայի աշխարհաքաղաքական խնդիրը՝ դուրս գալ Մեղրիի շրջանի սահմանին եւ փորձել հետագայում միավորվել Նախիջեւանի հետ:

Մյուս խնդիրը, որ ցանկացել է լուծել թուրք–ադրբեջանական բանակը, ըստ վարչապետի խորհրդականի, Իրանն այդ սահմանից կտրելն է, որպեսզի Թուրքիան լինի այնտեղ, որտեղ մյուս սահմանի այն կողմում ապրում են իրանցի ադրբեջանցիները, ուստի այս գործողությունները նաեւ ուղղված են Իրանի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել