1lurer.am-ը գրում է․
Կառավարության ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում ընդգծեց, որ մեր երկիրը երբեք պատերազմի որևէ փուլում ռազմական դրություն չի հայտարարել և մոբիլիզացիա չի իրականացրել, սա առաջին անգամ է:
«Այս փաթեթը կկանխի անկումային տրամադրությունները: Մեծամասամբ մեր հասարակությունը կիսում է այս ռեժիմի բոլոր դժվարությունները, պատերազմի բոլոր դժվարությունները, բայց եկեք հաստատենք, որ ամեն ինչ չէ, որ ռազմական դրության պայմաններում պետք է հնչեցնել բանակի մասին»,- ասաց Քոչարյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ պատերազմի ժամանակ ներքին թշնամիներ միշտ էլ գտնվում են:
«Գործակալ կոչվածը հիվանդ մարդ է, և ինքն էլ ունի իր գործակալները: Ես չեմ ուզում բոլորին նայել գործակալների տրամաբանության մեջ, բայց կան մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ հնչեցնում են տեսակետեր, որոնք վնասում են այսօրվա մեր հաղթանակների վերջնական կերտման գործին»,- ասաց Քոչարյանը՝ շեշտելով՝ սա բացառիկ պահ է, և ճիշտ է այդ օրենքը բերելը:
«Պետք է դեմն առնել տարբեր լրատվամիջոցների կողմից շարունակվող խարդավանքների»,- ասաց Քոչարյանը:
Պատգամավորը կարծում է՝ այն կապահովի ներքին կայունությունը մեր երկրում, և ներքին կայունությունն է, որը մեզ մոտեցնելու է վերջնական հաղթանակին:
Հիշեցնենք, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է ամբողջականացնել և հստակեցնել ռազմական դրության իրավական ռեժիմը խախտելու դեպքում պատասխանատվության միջոցների շրջանակը: