Ռազմական իրավիճակի մասին:
Շատ կարճ ու համառոտ ամփոփում:
Բայց շատ կարևոր, եթե ինքնուրույնաբար չեք կարողանում իրավիճակը գնահատել:
Եթե ինչ-որ բան մի փոքր սխալվել եմ, ռազմական մասնագետները թող շտկեն:
Երևի շատերդ եք նկատել, որ, չնայած շարունակվող համառ մարտերին, այդուհանդերձ, վերջին մոտ մեկ շաբաթում պատերազմի ընդհանուր ինտենսիվությունը որոշ չափով ընկել է:
Մի քիչ վերհիշենք արդեն անցածը, որպեսզի այսօրն ավելի ճիշտ հասկանանք:
Կանեմ շատ մոտավոր ու հնարավորինս կարճ:
Պատերազմի առաջին շաբաթում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից խնդիր էր դրված մեկ, կենտրոնացած հուժկու հարվածով ճեղքել Ղարաբաղի ճակատն ամբողջ երկայնքով և վճռական առաջխաղացում ունենալ:
Այդ ընթացքում հարձակումը ծավալվեց երեք ուղղությամբ՝
Հյուսիսային՝ Մռավ-Քելբաջար,
Հյուսիսարևելյան՝ դեպի Մարտակերտ,
Հարավային՝ դեպի Ֆիզուլի և Ջաբրայիլ,
Արևելքում՝ կենտրոնում՝ Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ կարծես համեմատաբար ավելի կայուն էր:
Սրանցից արդեն երևում է մտահղացումը:
Օրինակ՝ Մռավից հարվածն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ զուգահեռ ենթադրում ես լուրջ ճեղքում Մարտակերտի ճակատում: Երկու հարվածները պետք է միանային հավանաբար Սարսանգի մոտ՝ շարունակելու համար գործողությունները դեպի հարավ՝ Արցախի կենտրոն:
Սկզբնապես ենթադրվում էր շատ արագ գործողություն՝ մեկ-երկու օրում հավանաբար պետք է վերցվեին առնվազն Քելբաջար-Մարտակերտն ու Ֆիզուլի-Ջաբրայիլը:
Մոտավորապես հոկտեմբեր 1-2-ին հասկացան, որ այս պլանը տապալվեց:
Որոշում կայացվեց ուժերի նոր կենտրոնացմամբ է՛լ ավելի ուժեղ հարվածով ճեղքել հայերի պաշտպանությունը:
Այդ փորձն արվեց հոկտեմբերի երեքին, որի մասին գրել եմ:
Սա պատերազմի առավել ծանր օրն էր ցայսօր:
Սա մեր նորագույն պատմության ամենակարևոր օրերից էր, ամենահզոր ճակատամարտը, որին հաղթեցինք՝ դիմանալով իրապես մոլեգին հարվածի: Մի քանի դիրքային առաջխաղացումը բացարձակ զրո արժեք ունեն՝ համեմատած հարվածի ուժգնության և նպատակների վճռականության հետ:
Այս հարվածով ու այս հաղթանակով, փաստացի, թշնամու հարձակողական կարողությունը՝ հարվածել ամբողջ ճակատով, կոտրվեց: Գոնե ցայսօր:
Սա պատերազմի առաջին փուլի վերջին արարն էր:
Հիմա երկրորդ փուլում ենք:
Այս փուլում թշնամին փոխել է իր մտահղացումը:
Այժմ արդեն չեն գրոհում ողջ ճակատով կամ դրա մեծ մասով մեկ օրվա մեջ ու միաժամանակ ու նույն ինտենսիվությամբ:
Հիմա խնդիր է դրված հարվածել առանձին ուղղություններով:
Իրենք խոսում են հյուծիչ պատերազմի մարտավարության մասին՝ նկատի ունենալով, որ իրենց նպատակները շարունակում են մնալ վճռական՝ վերջնական գրավում Արցախի:
Բայց, կարծես, իրական նպատակներն արդեն տեղական են: Կորզել որոշակի տարածքային առավելություններ, որոնք հետո պետք է օգտագործվեն բանակցություններում, ինչպես նաև Հայաստանի ներսում քաղաքական իրավիճակը պայթեցնելու համար:
Հայաստանի ներքին քաղաքականությունն ի սկզբանե այս պատերազմի նպատակներից էր, բայց հիմա կարծես մղվում է առաջին պլան, քանի որ ռազմական վճռական նպատակներն արդեն կա՛մ անիրատեսական են թվում, կա՛մ դրանց խնդիր է դրվել հասնել հենց ներքաղաքականով:
Վերադառալով ճակատին:
Այժմ, ուրեմն, փորձում են հաջողությունների հասնել առանձին ուղղություններով: Ընդ որում, հանուն դրա կանգ չեն առնում նույնիսկ ակնհայտ արկածախնդրական օպերացիաների առաջ:
Այսպես՝ հարավում՝ փորձել առաջանալ Արաքսի ափով ու մի քիչ վերև դեպի Ջաբրայիլ, ինչն իրենք հիմա անում են, առանց նախապես վերահսկելու Ֆիզուլին մեծ ռազմական արկածախնդրություն է:
Որովհետև որքան առաջ ես շարժվում այդ նեղ գծով, այնքան ավելի վտանգի ես ենթարկում թիկունքդ: Ֆիզուլին և Ջաբրայիլը, կարելի է ասել, միասնական ստրատեգիական, կոմունիկացիոն միավոր են:
Բայց գնում են սրան՝ հավանաբար հույս ունենալով, որ եթե հաջողեն, ու կնքվի զինադադար, սա բանակցություններում կկարողանան օգտագործել:
Այսինքն՝ իրենց ստրատեգիական պաշտպանությունը կլինի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական:
Այս պահին սա է իրավիճակը:
Կարծում եմ՝ հարավային գործողության վերջնական տապալումը կարող է ավարտ դնել նաև պատերազմի երկրորդ փուլին կամ գոնե դրա բեկումնային պահը լինել: