1lurer.am-ը գրում է․
Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահներ, Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի նախագահ Իզաբել Մորեն, պատգամավոր Մարիանե Շտրեյֆ Ֆելերը, ինչպես նաև՝ խորհրդարանի վերին պալատի պատգամավորներ Լիզա Մացցոնեն և Կառլո Սոմմարուգան տարածել են մամլո հաղորդագրություն, որում դատապարտում են ադրբեջանա-թուրքական կոալիցիայի ագրեսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ։
Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահներն իրենց խոր մտահոգությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղում, Հարավային Կովկասի տարածաշրջանում, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական էսկալացիայի կապակցությամբ և Շվեյցարիայի Դաշնային խորհրդին (Կառավարությանը) կոչ են անում անհապաղ միջամտել:
«Այս հարձակումները մեզ հետ են տանում 1991-92 թթ. պատերազմական այն դժնի ժամանակները, երբ Ստեփանակերտը ռմբակոծվում էր ադրբեջանական զինուժի կողմից զանգվածային ոչնչացման զերնքերով: Ուժի կիրառումը, մասնավորապես, քաղաքացիական բնակչության դեմ անընդունելի է և պետք է խստագույնս դատապարտվի»։
Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահներն իրենց անհանգստությունն են հայտնել նաև այս հակամարտության մեջ Թուրքիայի աճող դերի կապակցությամբ, ինչը, ըստ նրանց, անցնում է Ադրբեջանի հետ եղբայրական պարզ հարաբերությունների սահմանը: Թուրքիան ոչ միայն կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, այլ նաև ապակայունացնում է ողջ տարածաշրջանը»,- նշում են նրանք։