Armtimes.com-ը գրում է․
Ադրբեջանը շատ կցանկանար հիմա կանգնեցնել պատերազմը, սակայն մենք տեսնում ենք, որ Թուրքիան չի թողնում: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը:
Բաբայանի խոսքով՝ որպեսզի կարողանանք կանխատեսել զարգացումները, պետք է հասկանալ, թե ինչ նպատակ ունի հակառակորդը:
Նա ընդգծեց՝ Թուրքիան՝ 1920 թ. ի վեր՝ առաջին անգամ բացեիբաց ներխուժել է անդրկովկասյան աշխարհաքաղաքական տարածք ու փաստորեն միջամտում է այդ գործընթացներին. «Նախկինում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, Թուրքիան էլի բացասական դերակատարում ունենում էր՝ օգնում էր Ադրբեջանին բանակ ստեղծել, արցախյան առաջին պատերազմի ժամանակ գրոհայիններ, իրենց գլխավոր շտաբից զինծառայողներ էր ուղարկում»:
ԱՀ նախագահի խորհրդականը նշեց, որ Թուրքիայի օժանդակությունը կար նաեւ Ապրիլյան պատերազմի ժամանակ, սակայն այս ձեւով բացեիբաց, բոլորի առջեւ՝ նույնիսկ անտեսելով ԱՄՆ-ին, ՌԴ-ին, Ֆրանսիային՝ առաջին անգամ է:
«Հարց է ծագում սրանք լրի՞վ խենթացել են, թե՞ ինչ-որ հաշվարկ ունեն: Ինչպե՞ս կարելի է դուրս գալ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Իրանի դեմ, ասել է, թե ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ: Ո՞վ է Թուրքիային պաշտպանում՝ Պակիստանը, Ադրբեջանը, Ուկրաինայի 2 կիսախելագար պատգամավոր, մեկ էլ ինչ-որ երկրների որոշ շրջանակներ, որոնք զենք են մատակարարում: Հետո ինչ է լինելու, ինչու են այդպես անում՝ այս հարցը շատ կարեւոր է»,- ասաց Բաբայանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն այլեւս չի խոսում հակամարտության կարգավորման մասին, կարծիք հայտնում է Թուրքիան: Էրդողանն է որոշում՝ ընդունում է առաջարկը համանախագահների, գնահատական է տալիս Մինսկի խմբի աշխատանքներին. «Կարծում եմ, որ Թուրքիան նման մոտեցումով քայլ առ քայլ սողացող օկուպացիայի է ենթարկում Ադրբեջանին եւ փորձում է նոր իրավիճակ ստեղծել Անդրկովկասում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ