Պատերազմում որքան կարևոր է ոգևորությունը, կրկնակի կարևոր է սթափությունը: Որքան կարևոր է խիզախությունը, կրկնակի կարևոր է սառնասիրտ հաշվարկելն ու թշնամուցդ երկու քայլ ավել տեսնելը:
Պատերազմը միայն ռազմական գործողությունները չեն: Այն առաջին հերթին այդ ամենի հիմքում ընկած ու դրա շուրջ առկա քաղաքական ձեռնարկներն են: Ընթացող միջազգային անցուդարձն ու հարյուր այլ պատմական օրինակները` վկա:
Չնայած իրավիճակի թելադրանքին, հատուկենտ բացառությունները հանած` ես դեռ չեմ տեսնում պատերազմի քաղաքական բաղադրիչի շուրջ լրջմիտ, ոչ մակերեսային քննարկումներ, ստեղծված իրավիճակում մեր ազգային շահից, իրականությունից ու իրատեսությունից ծնված քայլերի ու նախաձեռնությունների առաջարկներ:
Իմ պատկերացմամբ այդ ամենը կողք կողքի պիտի քայլեին ռազմաճակատում մեր առյուծ բանակի կողմից մղվող կենաց ու մահվան կռվի հետ: Կռվելուն զուգահեռ ինքներս պիտի հաշվարկենք մեր ազգային շահը: Հակառակ դեպքում մեր փոխարեն դա կանեն ուրիշները: Պատմությունը նման մեկ օրինակ չէ, որ ունի:
Փառք մեր բանակին: Հավերժ փառք մեր նահատակներին: Հաղթելու ենք: