Armtimes.com-ը գրում է․

Իսրայելն այս օրերին ինքնաթիռներով զենք է ուղարկում Ադրբեջան՝ վերջին տարիներին ղարաբաղյան հակամարտության գոտում ամենաթեժ մարտերի ֆոնին, այս մասին են փաստում պաշտոնյաներն ու հետախուզական աղբյուրները: Այս մասին ասվում է «Al-Arabia» հեռուստաալիքի կայքում հրապարակված հոդվածում:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ հայկական ու ադրբեջանական ուժերի միջեւ ծանր մարտերը շարունակվում են արդեն հինգ օր շարունակ, երկու կողմերի հայտարարություններով էլ նշվում է, որ հակամարտության բռնկումը դեռ ավարտված չէ: Կան մեղադրանքներ օտարերկրյա կործանիչներ, ուժեր օգտագործելու մասին: Հաղորդվում է, որ Թուրքիան, որը հրապարակավ բարձրաձայնել է Ադրբեջանին սատարելու մասին եւ Հայաստանը տարածաշրջանում անվանել է «խաղաղության ամենամեծ սպառնալիք», Սիրիայից  զինյալներ է ուղարկել Բաքու»,-նշվում է Al-Arabia-ի հոդվածում:

Քանի որ մարտերը օրեցօր մոլեգնում են, ավելի ու ավելի շատ երկրներ ինչ-որ կերպ ներգրավվում  են Հարավային Կովկասի զինված հակամարտության մեջ: Իսրայելը տարիներ շարունակ Ադրբեջանին զենքի հիմնական մատակարար երկրներից մեկն էր, ամենից շատ հենց Իսրայելից են ձեռք բերվում ադրբեջանական զինատեսակները՝  չնայած այն հանգամանքին, որ վերջերս Հայաստանը պաշտոնապես դեսպանություն բացեց Թել Ավիվում: Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ նավթի եւ զենքի մեծածավալ առեւտուր կա:

Ավելի վաղ ամերիկյան հետախուզության աղբյուրը Al-Arabia-ին հայտնել է, որ Իսրայելը զենքով լի նոր ինքնաթիռներ է այժմ ուղարկում Ադրբեջան: «Իսրայելը զենք է մատակարարում Ադրբեջանին այս օրերին էլ: Իսրայելից երկու բեռնաթռիչք արդեն վայրէջք է կատարել Բաքվում », -հայտնել է աղբյուրը:

Մինչդեռ, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը ամերիկյան Axios պորտալին ասել է, որ Պաշտպանության ոլորտում Բաքվի եւ Իսրայելի համագործակցությունը գաղտնիք չէ, նշանակում է՝ լիովին հնարավոր է նման բան: Հաջիեւը նաեւ ասել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում այս անգամ էլ օգտագործել է իսրայելական կամիկաձե անօդաչու թռչող սարքեր եւ դա գաղտնի չի պահվում:

Խոսելով Արցախի տարածքում թուրքական ԱԹՍ-ների կիրառման մասին, Հաջիեւն ասել է, որ եթե հայկական կողմը վախենում է Անօդաչուներից, ապա պետք է դադարեցնի ռազմական գործողությունները:

Նշենք, որ ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով վերջին 5 օրերին ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանն արդեն միլիոնավոր դոլարների զինտեխնիկա ու զինմեքենաներ  է կորցրել եւ հնարավոր է՝ նոր խմբաքանակների ձեռք բերումը կապված է հենց զինատեսակների զգալի կորուստի հետ:

Ըստ Flightradar24-ի, վերջին օրերին Silk Way  ավիաընկերության բեռնատար ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել դեպի Իսրայել եւ Ուկրաինա: Այսպիսով, սեպտեմբերի 24-ին, 29-ին և 30-ին երկու «Իլ-76» ինքնաթիռներ (գրանցման համարներ 4K-AZ101 և 4K-AZ40) թռիչքներ են իրականացրել դեպի իսրայելական Էյլաթ: Այս տիպի ինքնաթիռները  մեկ թռիչքով կարող են տեղափոխել 250 տոննա բեռ: Silk Way –ի բեռնափոխադրող ինքնաթիռները հայտնի են Մերձովոր Արեւելք կատարվող ակտիվ փոխադրումներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել