Hayeli.am-ը գրում է.
Նավասարդ Կճոյանն այս օրերին հասցրեց ինքնադրսեւորվել նոր ասպարեզում եւ բոլորիս աչքի առաջ ինքնաբացահայտվել նորանոր որակներով։ Այն, որ եկեղեցին կենդանի հաստատություն է, որ այն հիմնված է Քրիստոսի վրա, բայց եւ մարդեղեն ինստիտուտ է, հետեւաբար՝ զերծ չէ մարդկային եւ ոչ մի գայթակղությունից, գիտենք, հասկանում ենք։
Հետեւաբար, հնարավոր է, որ հոգեւորականը հարստության եւ աշխարհիկ վայելքների նկատմամբ անզսպելի ցանկություն ունենա։ Հնարավոր է, որ անգամ Աստծո խոսքը սերտած եւ կոչումով հոտի ու Արարաչի միջնորդը հանդիսացող մարդը չկարողանա դիմադրել մեղքին ու գայթակղությանը։ Հնարավոր է…
Սակայն երբ պարզ է դառնում, որ հոգեւորականն առհասարակ որեւէ գայթակղությանը չի ուզում դիմադրել, որեւէ մեղք չի ուզում շրջանցել, այս դեպքում հանդուրժողականություն, սեր եւ գթասիրություն ցուցաբերելը բավական բարդ է դառնում։
Նավասարդ Կճոյանի՝ Տեր Հակոբի դեմ սանձահարած ատելությունը ասվածի պարզ փաստարկն է։ Մարդն այնպես ատեց իր հոգեւոր եղբորը, որ նրան հալածելու համար ոչինչ չխնայեց ու ոչնչի առջեւ կանգ չառավ։
«Արարատ» միության անդամները խնդրեցին Նավասարդ Կճոյանին վերանայել իր որոշումը։ Կճոյանը դա չարեց։ Այդժամ նրանք բողոքի ակցիաներ կազմակերպեցին հենց Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց. Նավասարդ Կճոյանն անգամ ունքը չշարժեց։ Ավելին, Տեր Շահեին բարձեց չարախոսություններով լի պարկով եւ գործուղեց հարցազրույցներ տալու։ Ինչո՞ւ հենց Տեր Շահեին՝ որովհետեւ այս վերջինի վրա էլ կոմպրոմատների ահռելի փաթեթ ուներ. Տեր Շահեն օրերից մի օր հասցրել է դուրս գալ հունից եւ հայհոյել հենց եկեղեցու մեջ։
Եվ ահա, Տեր Շահեն բացում է չարախոսությունների տոպրակն ու աղբ լցնում Տեր Հակոբի հասցեին։
Ինչեւէ. Նավասարդ Կճոյանի համառ ու հետեւողական ջանքերի շնորհիվ «Արարատ» միությանն այլեւս չի գործի։ Իսկ այս միությունը բազում երիտասարդների համար լավագույն արժեքների հետ հաղորդակցվելու ճանապարհ էր։ Ստացվում է՝ բացի այն, որ Նավասարդ Կճոյանն այս ընթացքում մեծապես վնասեց Տեր Հակոբին, «Արարատ» միության աշխատակիցներին, այլեւ փակեց մի քանի տասնյակ երիտասարդների սիրուն ու լուսավոր ճանապարհով գնալու հնարավորությունը։
Մՙեղքը մեղք է ծնում, չարությունը՝ չարություն, սուտը անպայման սուտ է ծնում։ Եվ Կճոյանը շղթայված է մեղքի, չարության, ստերի օղակներով։ Եվ, ցավոք, ազատագրվել չի ուզում։ Առայժմ միայն ավելացնում է իրեն խեղդող շղթայի օղակները։ Եվ դժվար է պատկերացնել, թե ինչպիսի աղոթասացություն պիտի անել, որպեսզի ազատել Կճոյանին ճահճից, որում խրվել է ու իր ետեւից քաշում է մյուսներին։