1lurer.am-ը գրում է․
«Մեր զինվորականները շատ ուշադիր հետևում են շփման գծում իրավիճակի զարգացմանը, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները: Ամբողջ տեղեկատվությունը մանրակրկիտ վերլուծվում է, նաև մենք հանգամանորեն արձանագրում ենք բոլոր հայտարարությունները, որոնք անում են միջազգային առաջնորդները, որոնք արվում են ամենաբարձր մակարդակով աշխարհի տարբեր երկրներից»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչ տվյալներ ունի Կրեմլը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի մասնակցության վերաբերյալ։
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի խոսնակն ասել է, որ Մոսկվան հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ:
«Անշուշտ, նման հայտարարություններին մենք չենք աջակցում, մենք համաձայն չենք նրանց հետ»,- նշել է Պեսկովը՝ հավելելով, որ չարժե կրակի վրա յուղ լցնել:
«Մենք, նախկինի պես, տարածաշրջանի բոլոր երկրներին զսպվածության կոչ ենք անում և, հատկապես, հակամարտության մասնակից երկրներին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը»,- ասել է նա: