Shantnews.am-ը գրում է․
Սեպտեմբերի 28-ին սոցիալական ցանցերի հայկական տարածքում հակավրացական տրամադրություն պարունակող գրառումներ սկսեցին շրջանառվել: Որոշ օգտատերեր, Վրաստանին մեղադրում են ռուսական զենքն իր տարածքով Հայաստանին հասցնել թույլ չտալու մեջ, նշում, թե միևնույն ժամանակ Վրաստանը օգնում է Ադրբեջանին, Իսրայելից զենք ստանալու մեջ:
Թբիլիսիի պետական համալսարանի դասախոս, հայագետ Լելա Ջեջելավան «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է, որ նման տեղեկություններ տարածելը անթույլատրելի է:
«Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Այսօր հայ-ադրբեջանական կռիվը ոչ միայն սահմանին է, այլև համացանցում, սա տեղեկատվական պատերազմ է: Մենք պետք է խուսափենք կեղծ տեղեկություն տարածելուց: Բոլորս էլ լավ գիտենք Վրաստանի դիրքորոշումը», — ասում է Ջեջելավան:
Հիշեցնենք` այս տարվա հուլիսին, Տավուշի սահմանային մարտերի ժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարաություններ էին տարածել, թե «Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով Հայաստանը Վրաստանի միջոցով զենք է ստացել Սերբիայից», ինչը պաշտոնական Թբիլիսին հերքեց հետագայում:
Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ հոդվածը երկու ռազմավարական գործընկերների միջև արհեստականորեն խնդիրներ ստեղծելու նպատակ ուներ:
Նյութում նշված էր նաև, որ վերջին օրերի ընթացքում Հայաստանը Վրաստանի միջոցով զենք էր ստացել նաև Ռուսաստանից: Խոսվում էր կամազ մակնիշի մեքենաների մասին, որոնց վրա ռազմական նյութեր են տեղադրված եղել: Նյութում ասվում էր նաև, որ հենց այս զենքով է ՀՀ-ն կրակ բացել Ադրբեջանական գյուղերի ուղղությամբ, ինչը հերքվել է պաշտոնական Երևանի կողմից:
Ի դեպ՝ այս հրապարակումից հետո Ալիևը աշխատանքից հեռացրեց Սերբիայում Ադրբեջանի դեսպանին, որի հանդեպ հետագայում քրեական գործ հարուցվեց: Զուգահեռաբար, Բաքուն փոխեց Վրաստանում իր դեսպանին:
Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկսված մարտերից օրեր առաջ Իլհամ Ալիևը շնորհակալություն էր հայտնել Վրաստանի կառավարությանը, իր խոսքերով «Հայաստանին զենք տեղափոխելու հնարավորություն չտալու համար», ինչը ևս պաշտոնական Թբիլիսին չէր հաստատել: