ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ հատուկ ծառայություններին կոչ է արել պարզել՝ ով է ռազմական բախումների նախաձեռնողը՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար:

«Ադրբեջանը գիշերով խոշորագույն հարձակում է իրականացրել Արցախի դեմ և նախնական հաղորդումների համաձայն՝ զգալի կորուստներ են գրանցվել: Միացյալ Նահանգները պետք է անհապաղ աշխատանքներ տանի ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների հետ՝ վերականգնելու համար խաղաղությունն ու կանխելու ցանկացած հետագա լարվածություն, որը կարող է ավելի շատ կյանքեր վտանգել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ամերիկացի կոնգրեսականը:

Վերջինս հիշեցրել է, որ ներկայիս հարձակումը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախումներից ամիսներ անց:

«Ադրբեջանի ագրեսիան ցույց է տալիս կեղծ համարժեքության քաղաքականության տապալումը, որն այլ տեսք ուներ, քան Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու մշտական հարձակումները: Ես օրինագիծ եմ ներկայացրել, որն ԱՄՆ հատուկ ծառայություններից պահանջում է պարզել, թե ով է նախաձեռնել այս և այլ բախումները, ինչն անհրաժեշտ է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար»,- հավելել է Շիֆը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել