168.am-ը գրում է․

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) կոլեկտիվի կողմից ձևավորված կազմկոմիտեն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՊՏՀ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ՝ ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը՝ մինչև Դիանա Գալոյանի՝ օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում նշանակումը:

Իրավաբան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության երիտասարդական միության  քարտուղար Հրանտ Սարկիսովի կարծիքով՝ այստեղ ոտնահարվում են ուսանողների իրավունքները:

«Աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է գործադուլի իրավունք: Այսինքն, յուրաքանչյուր աշխատող կարող է գործադուլ հայտարարել, բայց չէ՞ որ գործադուլն էլ որոշակի սահմանափակումներ պետք է ունենա: Օրինակ, ժամանակին մարդիկ պայքարում էին 8-ժամյա աշխատանքի համար, դա նորմալ է: Աշխատողին չպետք է տանջեն, իսկ հավելյալ աշխատանքի համար պետք է վճարեն: Մարդիկ պայքարեցին նպատակի համար, որը բխում էր աշխատանքային իրավունքից: Սակայն այս դեպքում նժարին դրված է երիտասարդության ապագան, նրանց՝ կրթություն ստանալու իրավունքը: Այսինքն, երկու իրավունք սկսել են բախվել իրար. մի կողմից՝ գործադուլի իրավունքը, որը նորմալ է, մյուս կողմից էլ՝ կրթության իրավունքը: Հիմա պետք է հասկանանք՝ այս երկու, իրար բախվող իրավունքներից ո՞րն է ավելի ծանրակշիռ»,- 168.amի հետ զրույցում ասաց Հրանտ Սարկիսովը:

Իրավաբանը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ պետք է ռեկտորի պաշտոնում նշանակելու հետևանքներն անդրադառնան ուսանողության վրա, որոնց ճնշող մեծամասնությունը սովորում է վճարովի հիմունքներով:

«Մարդիկ կատարել են իրենց պարտականությունը, գնացել, պայմանագրով սահմանված ժամկետում կարգով վճարումը կատարել են, որպեսզի ստանան իրենց կրթությունը: Բա համալսարա՛ն, երբ ուսանողը վարձը չի վճարում, չես թողնում, որ ստուգարքներին, քննություններին մասնակցի, սակայն այս դեպքում վարձավճարը վերցրել ես, եկել Կառավարության դիմաց ցույց, գործադուլ ես անում, թե՝ Դիանա Գալոյանին նշանակեք ռեկտոր… Այդ վարչական հարցերը կարգավորեք այլ ձևաչափով, որպեսզի ուսանողի սահմանադրական իրավունքը չոտնահարվի: Ուսանողը մեղավո՞ր է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զբաղված է հարցերը ներքին կարգով կարգավորելով. մենք դա ակնհայտ տեսնում ենք և՛ ԵՊՀ կառավարման խորհրդի ձևաչափով ընտրություններում, և՛ այս դեպքում, որ Դ.Գալոյանին ուզում են ռեկտոր նշանակել: Ինչո՞ւ պետք է 6000 ուսանողի ճակատագիր այս պահին խեղաթյուրվի: Ասելու են՝ եկեք շաբաթ օրերին բաց թողած դասերը լրացրեք. բայց ինչո՞ւ պետք է ուսանողը գա, ով իր առօրյան արդեն պլանավորել է, գիտի, որ շաբաթ-կիրակի ազատ է, կամ այս ժամերին ազատ է, կարող է աշխատել, որպեսզի վարձավճարը կարողանա տալ»,- նշեց Հրանտ Սարկիսովը:

Իրավաբանը  մեջբերեց ՀՊՏՀ կազմկոմիտեի տարածած հայտարարությունը, որտեղ  նշված է. «Քաջ գիտակցելով պատասխանատվությունը ուսանողների և մյուս շահառուների հանդեպ և հայցելով նրանց ներողամտությունը՝ հայտնում ենք, որ այս պարտադրված քայլը բխում է նաև ուսանողների շահերից, քանի որ կրթության որակը ենթադրում է կայունություն երկարաժամկետ կտրվածքով», և  հարց բարձրացրեց.

«Իսկ ո՞վ է հարցրել ուսանողությանը, թե արդյո՞ք ձեր շահերից է բխում այն, որ գործադուլ ենք անում և Դիանա Գալոյանին ուզում ենք նշանակել ռեկտոր: Ուսանողներ կան, որոնց կյանքում 3 ռեկտոր է փոխվել, և միայն շոկային իրավիճակներ են առաջացել, որովհետև ՀՀ պայմաններում ցանկացած ղեկավարի փոփոխություն շոկ է, որովհետև ամեն մեկը փորձում է  փոփոխություն անել, իր պահանջներն առաջ քաշել, իսկ ինստիտուտները մեզ մոտ կայացած չեն»։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նույնպես համամիտ է՝ առանց գործադուլի կարող էին պայքարել:

«Մյուս կողմից էլ՝ այս հարցին պետք է լուծում տալ: ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը 4-5 ամիս առաջ հրաժարական է տվել՝ այդ հարցի հետ կապված, բայց ոչ մի լուծում չկա:  ՀՊՏՀ-ն, 2 ամիս է՝ ռեկտոր է ընտրել, արձագանք չկա: Սա ճիշտ չէ, չի կարելի հարցերը թողնել առանց արձագանքի: Եթե ընտրել են՝ հաստատեք, եթե խնդիր կա, ասեք՝ ինչո՞ւ չեք հաստատում»,- նշեց Սերոբ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հուլիսի 17-ին ավելի քան 3 ժամ տևած նիստի արդյունքում կառավարման խորհրդի 26 անդամից 22-ը փակ գաղտնի քվեարկությամբ իր ձայնը տվեց հօգուտ համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի:

Մինչ նիստն ընթանում էր, հրապարակվեց Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) հուլիսի 17-ին ընդունած որոշումը, համաձայն որի՝ անվավեր էր ճանաչվել Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանին՝ միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը, որտեղ նշված է, որ հիմք ընդունելով ԲՈԿ-ի ուսումնասիրությունների արդյունքում Ատենախոսության մեջ այլ աղբյուրներից և հեղինակներից առանց համապատասխան հղումների օգտագործված նյութերի, փոխառությունների առկայության բացահայտումը, ինչը հանդիսանում է ՀՀ կառավարության 08.08.1997թ. «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 327 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» 11-րդ կետի խախտում, ղեկավարվելով ՀՀ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ գլուխների պահանջներով:

Ս.թ․ օգոստոսի 28-ին ՀՊՏՀ գիտական խորհուրդը դիմել է և´ ՀՀ վարչապետին, և´ ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու օրինական ընտրված ռեկտորը մինչ օրս նշանակված չէ պաշտոնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել