Էլեկտրական մեքենաներով մեր օրերում դժվար թե ինչ-որ մեկին կարողանաք զարմացնել։ Արդեն իսկ մշակվում են էլեկտրական շարժիչներով ինքնաթիռներ, որոնք էլեկտրոավիացիայի նոր դարաշրջանի սկիզբ կարող են դառնալ։
Էլեկտրական ինքնաթիռի մոդելի ստեղծողները հայտնում են, որ, ի տարբերություն նախորդ ինքնաթիռի մոդելի, սա էական առանձնահատկություններ ունի։ Լիովին մշակված են շարժիչն ու ինքնին կոնստրուկցիան։
Սլովենական Pipistrel ընկերության Velis Electro էլեկտրական ինքնաթիռը ստեղծվել է օդաչուների ուսումնառության համար։ Այն տեղավորում է երկու մարդու, ունի բավականին համեստ չափսեր։ Թևերի բացվածքը 11 մետր է, իսկ ինքնաթիռի քաշը՝ 600 կգ։ Բարձրությունը, որը կարողանում է ապահովել էլեկտրական ինքնաթիռը, չի գերազանցում 3,7 կմ-ը։
Փոքրիկ ինքնաթիռը մեծ տեսլական ունի։ EASA եվրոպական հավաստագիրը, որը շնորհվել է նորաստեղծ սարքավորմանը, թույլ է տալիս Velis Electro-ի զանգվածային թողարկում ու վաճառք սկսել։ Հենց սա էլ կարող է ավիացիայի ոլորտում նոր դարաշրջանի սկիզբ դնել։
Մոդելը ստեղծողները վստահեցնում են, որ ինքնաթիռի հիմնական հատկանիշներից առանձնահատուկ կարևորություն ունեն նաև պարզ ինտերֆեյսն ու սկզբնական մեծ արագությունը։ Ի տարբերություն այլ ուսուցողական ինքնաթիռների՝ այն բավականին պարզ ու մատչելի է։ Velis Electro-ում ներդրել են համակարգ, որը թույլ է տալիս օպերատիվ արձագանքել առաջացած անսարքություններին՝ պահպանելով օդաչուների անվտանգությունը։
Ինքնաթիռը ստեղծող Pipistre ընկերությունը շեշտը դնում է այն բանի վրա, որ մոդելը թռչում է գրեթե անձայն՝ ի տարերություն ինքնաթիռների գերակշիռ մասի։ Այն նաև վտանգավոր գազեր չի արտանետում։ Էկոլոգները նշում են, որ գլոբալ տաքացման պատճառը մասամբ նաև ինքնաթիռներն են, քանի որ դրանց արտանետած գազերը երկնքում մեծ վտանգավորություն են իրենցից ներկայացնում։
Հիմնական խնդիրը, որին առնչվում են էլեկտրական ինքնաթիռը ստեղծողները, մարտկոցների հաճախ վերալիցքավորման անհրաժեշտությունն է, իսկ երկնքում, բնականաբար, ինքնաթիռը վերալիցքավորել հնարավոր չէ։