Իրեն, իր երկիրը հարգող մարդը չի կարող ամեն օր չափսոսալ մեր երկրում տեղի ունեցողի համար։ Հայաստանում շատ կեղտոտ մթնոլորտ է, քաղաքական խոսքի մակարդակը իջել է գյուլաշի մակարդակի։ Մեկը մյուսին համարում է բռնաբարիչ, մյուսը էդ մեկին՝ հոգեկան հիվանդ, էն մեկը ագենտներ է ման գալիս, էն մյուսը` դավաճան։ Հա, իշխանությունն է վատ մթնոլորտի հեղինակը, բայց ընդդիմությունն էլ ընդունել է խաղի կանոնները, խաղում է էդ կանոններով ու ինքն իրեն մաշում: Էս ամենի հանդիսատես քաղաքացին էլ իր խնդիրների մեջ է իրեն կորցրել։ Նայում ես ու զարմանում, թե արդյո՞ք էսքան անմակարդակ պիտի լիներ իշխանություն-ընդդիմություն պայքարը, ինչո՞ւ է ընդդիմությունն ուտում դեղին մամուլի խմբագրի կտերը, ինչո՞ւ է իջնում թեկուզ վարչապետ, բայց դեռ «քաղաքական մանկապարտեզը» չավարտածի մակարդակին։
Բայց էս թունավոր մթնոլորտից առանձին տեսնում ես, որ կա նաև առողջ միտք, արժեքավոր խոսք, որը քեզ ստիպում է մտածել մեր իրական խնդիրների մասին։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքագետների հետ գալիս է ասելու, որ անիմաստ բանավեճերի մեջ չի կարելի մտնել, մենք հենց էս պահին ունենք Արցախի՝ էլ ավելի լրջացող խնդիր, ունենք տարածաշրջանում օր օրի խորացող Թուրքիա, ունենք մինչև կոկորդներս թաղված խնդիրներ արցախյան հարցում անգրագետ իշխանություների պատճառով, որը պատմություն չգիտի, բանակցությունների արվեստին չի տիրապետում ու ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչ վնաս է տալիս։
Քո նկատմամբ իշխանության գազանային վերաբերմունքի պայմաններում դու արդեն որերորդ հանդիպում-հարցազրույցն ես ունենում ու խոսում ես միայն տարբեր ոլորտներում պետության առաջնահերթությունների մասին։
Ռոբերտ Քոչարյանի էս հանդիպումը ինձ մեկ անգամ էլ մտածելու առիթ է տալիս, Արցախի հարցը յուրաքանչյուրիս հարցն է, Հայաստանի հարցն է։ Արցախի հարցում կարո՞ղ ենք մեզ թույլ տալ ճոխություն՝ բանակցություններ արտոնել մեկին, որը զբաղված է հայության բոլոր հատվածներն իրար խառնելով, դիմադրողականության թուլացմամբ ու իր սխալներն արդարացնելով: Ու Արցախի հարցը պե՞տք է վստահել այլոց, որոնք ընդամենը էժան շոուների մասնակից են։ Իրոք ժամանակն է, որ ամեն մեկն ունենա իր արժանի տեղը։