Նիկոլ Փաշինյանն այսօր գրել է մի ստատուս և խնդրել է լրատվամիջոցներին այն վերնագրել «Սխալվելու վճռականությունը` ճշմարիտ ճանապարհ»:
Հարգելի պարոն Փաշինյան, անսխալական մարդ չկա, և սխալվելը ևս մարդու համար է (թեև վերջին երկու տարվա ընթացքում Դուք բազմիցս, կամա թե ակամա, համեմատել եք Ձեզ Քրիստոսի և Աստծու հետ): Խնդիրը սխալվելը չէ: Ձեր նամակում բոլորին փորձում եք համոզել, որ միայն այդ «սխալների» շնորհիվ հնարավոր եղավ անել այն, ինչը տեղի ունեցավ 2018թ․ ապրիլ-մայիսին: Բայց ոչ ոք չի քննարկում՝ դա լա՞վ էր, թե՞ վատ, ճի՞շտ էր, թե՞ սխալ: Այդ ժամանակ Դուք ճիշտ էիք գոնե այն պարզ պատճառով, որ «հաղթողներին չեն դատում»: Խնդիրը հենց այն է, որ Դուք մնացել եք 2018-ի տակ, ինչպես այն դերասանները, որոնք մնում են մեկ դերի տակ: Նման օրինակներ շատ կան: Օրինակ՝ ինչպես Վլ. Մսրյանը մնաց Պագանինիի տակ, իսկ Սմոկտունովսկին` Համլետի: Ի դեպ, հեղափոխությունների պատմության փորձը ցույց է տալիս, որ ոչ մի հեղափոխական չի կարողանում դառնալ լավ կառավարիչ: Ավելին՝ առավել ազնիվ հեղափոխականները` Չե Գևարան, իրենց միսիան կատարելուց հետո ընդհանրապես հրաժարվում են հետագա աշխարիկ վայելքներից:
Դուք խոսում եք վճռականությունից: Հետհայացք գցեք վերջին երկու տարիներին: Հեղափոխությունից հետո Ձեր և Ձեր թիմի վճռականությունը հօդս է ցնդել: Ամուլսարի խնդիրը, դատական իշխանության բարեփոխումները, սեփական կադրերի ձեռքը «կրակն ընկնելը», հրապարակում և բազմաթիվ live-երում հնչեցրած խոստումներից հրաժարվելը, ներդրումների իսպառ բացակայությունը և էլի շատ օրինակներ գալիս են ապացուցելու վճռականության իսպառ բացակայությունը: Կարծում եմ, որ վաղուց ժամանակն է ստատուս գրելուց և live-երից անցնել աշխատանքի:
Հարգանքով՝ ՀՀ քաղաքացի Կարեն Քոչարյան
Հ.Գ. Մի խնդրանք ևս․ փոխեք Ձեր բառապաշարը: Երկրի առաջին դեմքին վայել չէ օգտագործել «դոմփել, ասֆալտին փռել, գլուխները պատով են տվել» և այլ նմանատիպ ֆրազներ: Հակառակ դեպքում շատ արագ կպարզեք, որ «գլուխները պատով են տվել» միայն նրանք, ովքեր հավատացել են Ձեզ: