Ճակատագիրը կարող է դաժան լինել, սակայն հանձնվել երբեք չի կարելի։ Պատմությունը մի շարք վառ անհատների է ճանաչում, որոնք մեծ բարձունքների են հասել այն դեպքում, երբ ոչ մի հույս չէր նշմարվում։ Լինա Պո անունով բալետի պարուհին տաղանդավոր էր, շատ էր սիրում բալետը, ինչպես նաև ընդհանուր առմամբ արվեստը, կարողանում էր գեղեցիկ նկարել, բանաստեղծություններ գրել և քանդակներ ստեղծել։ Երբ ճակատագիրը զրկեց նրան պարելու հնարավորությունից, նա սովորեց այլ կերպ ապրել, և դա կնոջ մոտ ստացվեց։

Պոլինա Գորենշտեյնն իր կարիերայի սկզբում վերցրեց Լինա Պո կեղծանունը։ Նա բազմակողմանի զարգացած մարդ էր, սիրում էր արվեստը։ Երբ հարց առաջացավ՝ ավելի լուրջ ինչո՞վ զբաղվել կյանքում, աղջիկն ընտրեց բալետը։ 10 տարի շարունակ նա պարեց, աշխատեց որպես բալետմայստեր և դասավանդեց։ Սակայն չթողեց նաև քանդակագործությունը։ Նա իր պարերը հաճախ փորձում էր պլաստինի օգնությամբ՝ փոքրիկ բեմեր ու ֆիգուրներ պատրաստելով։

Բարդացած գրիպից հետո երկու տարի շարունակ Լինան պայքարում էր իր առողջության համար, պառկած էր հիվանդանոցում։ Նա վերջույթների պարալիզ ուներ, կորել էր տեսողությունը։ Եվ եթե հետագայում ոտքերն ու ձեռքերը քիչ թե շատ վերականգնվեցին, տեսողությունն այդպես էլ չհայտնվեց։ Լինելով փակուղում՝ Լինան ընտրեց ապրելն ու լավագույնին ձգտելը։

Նրան բուժող բժիշկը Լինայի ուշադրությունը հիվանդությունից շեղելու համար սկսեց հետաքրքրվել նրա նախասիրությունների մասին և աղջկան բերեց հացի խմոր, որպեսզի Լինան դրանից ինչ-որ բան ծեփի։ Վերջինս հացի խմորից մուկ ստեղծեց, որը շատ գեղեցիկ էր և իրականին նման։ Ապա նրան բերեցին պլաստիլին, որից Պոլինան սկսեց ֆիգուրներ ստեղծել ու նվիրել հիվանդանոցի երեխաներին։ Իր աշխատանքները նա որոշեց ցույց տալ հայտնի նկարիչ Նեստերովին, ով գնահատեց դրանք ու ողջ կյանքի ընթացքում աջակցեց Պոլինային։ Շնորհիվ սեփական անձի նկատմամբ հավատի՝ Լինան հայտնի քանդակագործ դարձավ և երջանիկ ապրեց։

Կարիերայի ողջ ընթացքում Լինա Պոն ստեղծել է 120 ֆիգուր։ Նրա ցուցադրությունները կայացել են դեռ կյանքի ընթացքում, և դրանց այցելում էին մարդիկ՝ աշխարհի տարբեր անկյուններից։ Ժամանակակիցներին հատկապես գրավել էին Պուշկինի ու Չեխովի քանդակները, որոնք կարծես իրական լինեին։ Լինա Պոյի աշխատանքներն այսօր պահպանվում են Ռուսաստանի թանգարաններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել