Սաուդյան Արաբիան Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետություն է, այն քիչ պետություններից, որ շուրջ 25 տարի հրաժարվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ՝ ի սատարումն Ադրբեջանի։ Սակայն հիմա իրավիճակ է փոխվել և վերջին մի քանի տարիների ընթացքում, հաշվի առնելով նաև թուրք-սաուդյան հարաբերությունները, սաուդցիները դեմ չեն Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն։
Այս ուղղությամբ էլ կոնկրետ քայլ արել են։
Այս օրերին Մերձավոր Արևելքի նոր քաղաքական քարտեզ է գծվում՝ նոր իրողություններով և նոր կանոններով։ ԱՄՆ միջնորդությամբ արաբական մի շարք երկրներ հաշտվել են, մի քանիսն էլ շուտով հաշտվելու են Իսրայելի հետ, ինչը մեզ համար կենսական նշանակություն ունեցող Մերձավոր Արևելքը էապես այլ տարածաշրջան է դարձնելու։
Դեռևս 90-ականներին Հայաստանը խնդրել էր ԱՄՆ-ին միջնորդ լինել Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատման գործընթացում, և ամերիկյան կողմը միջնորդական ջանքեր գործադրել էր, սակայն այն ժամանակվա քաղաքական իրողությունները թույլ չէին տվել հասնել ցանկալի արդյունքի՝ պայմանավորված ԼՂ հակամարտությամբ և այլ գործոններով։
Հիմա իրավիճակն այլ է։ Եթե կարողանանք Թրամփի միջոցով հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսել, դա շահեկան կլիներ բոլորի համար։ Սաուդյան Արաբիան, որ, հաջակցություն Ադրբեջանի, ժամանակին հրաժարվում էր հարաբերություններից, հիմա կհամաձայներ դրան՝ հաշվի առնելով իր համար կենսական մի քանի հանգամանքներ։ Մեզ համար օգտակար կլիներ, քանի որ մեկ թշնամաբար տրամադրված երկիր կպակասեր մեր ցանկից, վարչապետն էլ մեծ շուքով, ասենք, Սպիտակ տանը պատմական փաստաթուղթ կստորագրեր Թրամփի միջնորդությամբ։ Թրամփը, միանշանակ, հետաքրքրված կլիներ ընտրություններից առաջ ևս մեկ Նոբելյան մրցանակի նոմինացվելու համար, և այս շարքը կարելի է շարունակել․․․
Բայց չէ։ Մենք նման գլոբալ նախաձեռնությունների ժամանակ երևի չունենք։