168.am-ը գրում է.
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը, որի ժամանակ կոչ արեց աշակերտներին իրենց առաջ դնել բարձր նշաձողեր` փոխելու սեփական քաղաքը, երկիրն ու աշխարհը։
Միջոցառմանը մասնակցում էին նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Շատերը, սակայն, նկատեցին, որ անվանի հայագետի անվամբ անվանակոչված դպրոցի՝ շքեղ հիմնանորոգումից հետո, բացման արարողությանը չէին մասնակցում բազմավաստակ գիտնականի ընտանիքի անդամները:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անգամ այդ մասին գրառում էր կատարել:
«Վարչապետը, «նազիր-վեզիրներով», այցելել է Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոց և մասնակցել դպրոցի հիմնանորոգված շենքի բացմանը։
Չգիտեմ՝ ականավոր բանասեր ու հանրային գործիչ Ռաֆայել Իշխանյանի հարազատները հրավիրվա՞ծ էին միջոցառմանը, թե՞ ոչ, բայց, թերևս, որևէ մեկը ներկա չէր։ Վարչապետն էլ կարծեք թե իր խոսքում չանդրադարձավ Ռաֆայել Իշխանյանին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա:
168.am-ը Ռաֆայել Իշխանյանի որդուն՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին հարցրեց, թե ինչո՞ւ վերջինս ներկա չէր հոր անունը կրող դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:
«Չէին հրավիրել»,- ասաց իրավապաշտպանը՝ չցանկանալով այլ մեկնաբանություն ներկայացնել թեմայի վերաբերյալ:
Հարցն ուղղեցինք Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանին, ով ասաց, որ բացման արարողության կազմակերպչական հարցերով քաղաքապետարանը չի զբաղվել:
Ենթադրելով, որ վարչապետի մասնակցությամբ միջոցառման կազմակերպչական հարցերով վարչապետի աշխատակազմն է զբաղվում, մեր հարցի պատասխանը ցանկացանք ստանալ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից, սակայն նրա հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց:
Զանգահարեցինք Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանին:
«Այս պահին ես շրջայց եմ կատարում Ռաֆայել Իշխանյանի ընտանիքի անդամների հետ: Այստեղ են կինը՝ Բյուրակն Անդրեասյան-Չերազը, և դուստրը՝ Վարդուհի Իշխանյանը: Քանի որ տիկին Բյուրակնը 90-անց է արդեն, ես պետք է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերեմ նրա նկատմամբ, ուղեկցեմ նրան, դրա համար նպատակահարմար գտանք ավելի հանգիստ պայմաններում հյուրընկալել նրանց»,- ասաց դպրոցի տնօրենը:
Հարցին, թե առավոտյան կազմակերպված միջոցառմանը, որին նաև վարչապետն էր մասնակցում, ինչո՞ւ ներկա չէր Ռաֆայել Իշխանյանի որդին՝ Ավետիք Իշխանյանը, Անուշ Սարգսյանը պատասխանեց, որ ինքը որևէ մեկի չի հրավիրել՝ ո՛չ ծնող, ո՛չ նախկին ուսուցիչ:
«Համավարակ է, միայն պաշտոնական մասով՝ վարչապետ, նախարար, քաղաքապետ, և վերջ: Այսինքն՝ չի եղել հանդիսություն, մենք հրավիրատոմսեր չենք գրել, հյուրեր չենք ունեցել: Ժամանակներն այնպիսին էին, որ չստացվեց մեծ միջոցառում անել, բայց ընդհանրապես բացում չանելն էլ ճիշտ չէր»,- նշեց տնօրենը:
Զրուցեցինք նաև Ռաֆայել Իշխանյանի դստեր՝ Վարդուհի Իշխանյանի հետ, ով ասաց, որ շատ ուրախ է, որ դպրոցը վերջապես բացվեց, որովհետև 4 տարի սպասում էին:
Իսկ հարցին, թե ինչո՞ւ իրենք առավոտյան ներկա չէին բացման արարողությանը՝ նա պատասխանեց, որ հրավերների նախաձեռնությունը տնօրենինը չի եղել, և երևի այդ հարցով վարչապետի աշխատակազմին պետք է դիմենք:
«Ես ուզում եմ ասել, որ շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս դպրոցը հիմնանորոգելու հարցում: Նախ՝ ամենամեծ շնորհակալությունը տնօրենին, ով փայլուն շարունակում է Ռաֆայել Իշխանյանի գործունեությունը և կարողացավ իր համառությամբ այս դպրոցի հիմնանորոգումը գլուխ բերել»,- ասաց Վարդուհի Իշխանյանը:
Վերջինս նշեց, որ անվանակոչությունից հետո առաջին օգնությունն այս դպրոցին եղել է Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի օրոք, ով ֆինանսավորեց Ռաֆայել Իշխանյանի հուշարձանի կառուցումը:
«Դպրոցը շատ վատ վիճակում էր: Տնօրենի հետ միասին տարբեր տեղեր դիմեցինք հիմնանորոգման համար: Ի վերջո, վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգնեց մեզ, ում միջնորդությամբ Ասիական բանկը ֆինանսավորում հատկացրեց այդ նպատակի համար: Իրեն էլ ենք շատ շնորհակալ: Կահավորումն էլ նոր իշխանությունների օրոք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի օգնությամբ կատարվեց»,- ասաց մեծ գիտնականի դուստրը:
Նրա խոսքով՝ երբ դեռ դպրոցը չէր վերանորոգվել, ամենասկզբում Ռաֆայել Իշխանյանի կաբինետն էր վերանորոգվել ու կահավորվել Բարսեղ Բեգլարյանի ֆոնդի միջոցներով:
«Բայց այն, որ դպրոցն այժմ այս տեսքով ներկայանում է մեզ, մեծապես Հովիկ Աբրահամյանի վաստակն է, ով կարողացավ Ասիական բանկի միջոցով գլուխ բերել դպրոցի հիմնանորոգման գործը: 4 տարի առաջ սկսվեց հիմնանորոգումը: Սկզբում ասացին՝ երկու տարի կտևի, բայց ձգվեց, ու այս դպրոցի տնօրենը, ուսուցիչները մեկ այլ դպրոցի փոքր հատվածում մի կերպ կարողացել են այս 4 տարում դասապրոցես ապահովել: Մեծ աշխատանք են կատարել, էլ չեմ ասում՝ դպրոցից դպրոց տեղափոխվելու ծանր գործընթացը»,- ասաց Վարդուհի Իշխանյանը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով բոլոր այն անձանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել դպրոցի հիմնանորոգման հարցում: