Razminfo.am-ը գրում է.
Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է մի շարք կարևոր թեմաների, այդ թվում նաև բանակում գրանցված դեպքերին և դրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրման հարցին։
Ռազմինֆոյի լրագրողը նույնպես Ստեփանակերտում էր և մասնակցել է մամուլի ասուլիսին։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու վերջին շրջանում բանակում զինծառայողների մահվան մի քանի դեպքի մասին պաշտոնական տեղեկություն չի տարածվել՝ գեներալ-լեյտենանտ Հակոբյանը նշել է. «Որևէ սահմանված կարգ չկա, թե բանակում կատարված ամեն ինչի մասին պետք է տեղեկացնենք: Նշում ենք այն տեղեկությունները, որոնք հասարակության համար որոշակի հետաքրքրություն են ներկայացնում»։
Անդրադառնալով 19-ամյա Արսեն Հովհաննիսյան մահվան դեպքին՝ Մովսես Հակոբյանը նշեց, որ նա 9-րդ պաշտպանական շրջանի զինծառայող է եղել, վիրավորում է ստացել համածառայակցի արձակած կրակոցից, ինչպես նաև նրա մահվան գործով 1 զինծառայող է կալանավորվել։
Լրագրողների այն հարցին, թե ՀՀ ԶՈւ-ում վերջերս մահվան դեպքերին հաջորդում է բարձր պաշտողններ զբաղեցնող զինվորականների ազատումը, իսկ ՊԲ-ում կարծես նման բան չկա, և արդյոք ինչն է դրա պատճառը՝ Մովսես Հակոբյանն պատասխանեց. «Ձեր ցանկություններն Արցախի բանակում իրականություն չեն դառնա: Կոպիտ է, այո, բայց չի ազատվելու որևէ զինծառայող, եթե մեղավոր չի որևէ դեպքի համար։ Եթե մեղավոր է, ապա չպետք է խնայել` անկախ իր անցած ուղուց։ Լինում են ծառայողական քննություններ են. այնպես չէ, որ բացթողման համար պատասխանատվություն չեն կրում:
Օրինակ, «Հայկազովում» վերջին դեպքի համար պատժվողներ կլինեն: Մեղավորներին խիստ եմ պատժելու: Բայց եթե մի զինծառայող զոհվել է դժբախտ պատահարից և սպասել, թե ես արդարանալու համար որևէ մեկին պաշտոնից կազատեմ, այդպես չեմ արել ու երբեք չեմ անի: Ես երբեք չեմ արդարանում: Անելու եմ այն, ինչ գտնում եմ ճիշտ»,-նշել է ՊԲ հրամանատարը։
Մովսիսյանը նաև տվյլաներ է ներկայացրել այս կիսամյակում զինծառայողների ստացած խրախուսանքների կարգապահական տույժերի և արտակարգ պատահարների վերաբերյալ։
Ըստ ՊԲ հրամանատարի՝ այս կիսամյակում 18,009 սպա, ենթասպա, պայմանագրային զինծառայող խրախուսանքի է արժանացել, իսկ 4,539 զինծառայող էլ կարգապահական տույժ է ստացել, նրանցից 550-ը սպաներ են եղել։ Արտակարգ պատահարները նվազել են, մասնավորապես՝ 2 անգամ կրճատվել են մահվան ելքով դեպքերը, իսկ վիրավորվելու դեպքերը եղել են 15-ը (նախորդ տարվա 22-ի համեմատ):