Օկինավայի նահանգի կառավարությունը համաձայնագիր է կնքել PD AeroSpace ընկերության հետ՝ Սիմոձիմա կղզու օդանավակայանը տիեզերակայանի վերափոխելու մասին, որը տիեզերական զբոսաշրջիկների մեկնման կետ կծառայի: Այս մասին հայտնում է The Mainichi թերթը:
Նահանգի կառավարությունը սեպտեմբերի 10-ին Նագոյայում տեղակայված PD AeroSpace ի հետ տիեզերակայան կառուցելու համաձայնագիր է ստորագրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ընկերության ղեկավար Սյուձի Օգավան հուսով է, որ կայանից տիեզերանավի առաջին արձակումը կհաջողվի իրականացնել 2025 թվականին: Նրա խոսքերով՝ նախագիծը կիրականացվի «Սիմոձիման կղզի է, որտեղից կարող ես մեկնել տիեզերական ճանապարհորդության» կարգախոսի ներքո:
PD AeroSpace-ը մտադիր է մի քանի միլիարդ իեն (տասնյակ միլիոնավոր դոլարներ) ներդնել տիեզերակայանի կառուցման մեջ եւ պատրաստ է անօդաչու տիեզերանավի նախատիպը գործարկել արդեն հաջորդ տարի: 2025 թվականին նախատեսվում է տիեզերք հասցնել 100 տիեզերական զբոսաշրջիկի, իսկ 2030 թվականին տիեզերք ուղարկվող ճանապարհորդների թիվը հասցնել 1000-ի: Տիեզերական ճանապարհորդության արժեքը կկազմի մոտ 15 միլիոն իեն (141 հազար դոլար)՝ մեկ հարուստ հաճախորդի համար:
Օկինավայի փոխնահանգապետ Կիիտիրո Ջահանոն նախագիծը բնութագրել է որպես «շատ գրավիչ առաջարկ, որը երազանքի ներշնչանք է տալիս»: Նա նշել է, որ տիեզերական արդյունաբերությունը բարձր հեռանկարներ ունի, եւ դա իր դրական ազդեցությունը կունենա նահանգի տնտեսության վրա:
Սիմոձիման գտնվում է Ճապոնիայի Օկինավա նահանգում՝ Միյակո կղզուց արեւմուտք: Դրա մակերեսը կազմում է մոտ 10 ք/կմ։ Կղզու օդանավակայանն ունի մոտ 3 հազար մետր երկարություն ունեցող թռիչքուղի: Այն կառուցվել է 1979 թ.` որպես մասնավոր ավիաընկերությունների համար օդաչուների պատրաստման Ճապոնիայի միակ կենտրոն: Սակայն թռիչքային մարզասարքերի տարածումից հետո ճապոնական մասնավոր ընկերությունները հրաժարվել են դրա օգտագործումից: