Երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հայտարարեց պատգամավորի մանդատը վայր դնելու մասին, հանրային կարծիքը հիմնականում մի քանի խմբի բաժանվեց՝ իշխանության ներսում ճաքեր են տալիս, արդեն երկրորդ պատգամավորն է մանդատը վայր դնում, մեկ այլ կարծիքով՝ լքում է խորտակվող նավը, մյուսը՝ հազիվ խելքի եկավ ու հասկացավ, որ ինքն այս իշխանության կողքին անելիք չունի։
Իսկ չենք ուզո՞ւմ ոչ թե վերջից սկսել, այլ հենց սկզբից գալ՝ ի՞նչ գործ ուներ հաջողակ սպորտսմենը, հորից որդուն անցած ընտանեկան ավանդույթներով հարուստ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկը՝ ԱԺ-ում։ Ըստ Փաշինյանի հավաստիացումների հեղափոխությունից հետո ոչ մի պատգամավոր, այդ թվում նաև Ջուլֆալակյանը չէին գալու խորհրդարան ու սեփական բիզնեսի լոբինգով զբաղվեին, կամ էլ տանիք կանգնեին իրենց մտերիմների բիզնեսներին, հովանավորչությամբ իրենց բարեկամներին տարբեր տեղերում գործի տեղավորեին, այս կամ այն հակաօրինական հարցերը կարգավորելու համար միջնորդեին իրավապահ համակարգին՝ իրենց մտերիմների համար։ Բայց դրան զուգահեռ նաև ամեն մի շարքային քաղաքացու խոսքը հասնելու էր մինչև ամենավերներն ու օպերատիվ արձագանքի արժանանար, ամեն մի մեր քաղաքացի այս երկրի տերն էր ու երեք միլիոն վարչապետերից մեկը։ Այսինքն, եթե առաջին մասը Ջուլֆալակյանը չէր անելու, հասկացանք, բայց ինչի՞ն էր պետք լինել խորհրդարանում, որպեսզի իր ասելիքը լսելի լինե՞ր, եթե ամենահասարակ քաղաքացու ասելիքն էր լսելի լինելու, աշխարհահռչակ ըմբշամարտիկի ասելիքը ինչո՞ւ էր անտեսվելու, որ իրեն ամիբոն էր պետք։ Թե՞ կարծում ենք, որ նա պետք է օրենսդրական բեղուն գործունեությամբ զբաղվեր։
Մանդատից հրաժարվել ու դա պատճառաբանել ԿԳՄՍ նախարարի գործունեության հետ համաձայն չլինելով, մեղմ ասած շատ անհամոզիչ է։ Ավելի լավ է ընդհանրապես անուն չտար, ոչ էլ նշեր հրաժարականի պատճառը։ Նախ․ խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում կառավարությունն է հաշվետու խորհրդարանին, ոչ թե հակառակը, ու եթե որևէ նախարար մեր երկրի համար ազգակործան գործունեությամբ է զբաղվում, դրա համար պատգամավորը չպետք է հրաժարական տա, այլ ջանա հասնել նախարարի հրաժարականին։ Ախր չէ՞ որ պարբերաբար Փաշինյանը հայտարարում է, որ ոչ մի նախարար սեփական ծրագիրը չի կյանքի կոչում, այլ կառավարության ու անձամբ վարչապետի, ու եթե Արսեն Ջուլֆալակյանը համամիտ չէ նախարարի հետ, կնշանակի համամիտ չէ վարչապետի հետ։ Բայց ի՞նչ է ստացվում․բարձր կամային հատկանիշներով օժտված, ակտիվ ու ագրեսիվ ոճով պայքարած ու հաջողությունների հասած ըմբշամարտիկն անգամ մանդատը վայր դնելուց հետո վախենում է տալ Փաշինյանի անունը, հապա շարքային քաղաքացուց ի՞նչ սպասենք։ Ջուլֆալակյանն ապահոված անձնավորություն է, հաստատ անգործ չի մնա, նրան շատ արագ կներգրավեն որոշակի ծրագրերում, էլ չեմ խոսում, որ դեռ չի ավարտել իր մարզական կարիերան, նա ավելի պարզ ասած՝ ոչ Փաշինյանի հացին է, ոչ էլ ջրին, նա ինչո՞ւ է վախենում վարչապետից, անգամ ԱԺ-ից հեռանալուց հետո։
Բայց այս խորհրդարանը ձևավորվել է հեղափոխությունից կես տարի հետո, ու Արսեն Ջուլֆալակյանը լավ էլ տեսել էր, թե ինչպես էր վարչապետը հոխորտում ցանկացածին ասֆալտին փռել ու պատին ծեփել, ինչպես ժողովրդին ուղարկեց ԱԺ-ն շրջապատելու ու դրանից հետո էլ պատգամավորներին օրենքի ուժով խորհրդարանի արձակում պարտադրելու, ինչպես էր սպառնում դատավորներին և այլն։ Այսինքն․ վարչապետի հեղափոխական խոստումների փուչիկն արդեն պայթել էր, ու Փաշինյանի համար լուրջ խնդիր էր կայացած, հաջողակ ու ճանապարհ անցած պատգամավորների թեկնածուներ հավաքագրելը, սեփական թիմի սնանկության ֆոնին։ Իսկ Ջուլֆալակյանն, այդ ամենը լավ իմանալով, միացավ իշխանական թիմին, իր անունով ու համբավով մարդկանց ուղղորդեց, որ կարելի է այս իշխանություններին վստահել, եթե այդպես չլիներ, ինքն ինչո՞ւ պետք է անդամագրվեր այդ թիմին։ Իսկ հիմա Ջուլաֆալակյանը գնում է, իսկ խաբված ժողովուրդը, այդ թվում իր կողմից, ո՞ւր գնա։ Չէ՞ որ այս խորհրդարանը, եթե ֆորս-մաժորային իրավիճակ չլինի, գործելու է դեռ երեք տարի, դեռ քանի ժողովրդին խաբած, թեկուզ միամտաբար խաբված, պիտի հեռանա՝ չգիտենք, բայց գիտենք մի բան, որ Ջուլֆալակյանի նմաններն ավելի ծանր հարված հասցրեցին մեր ժողովրդին, քան ցանկացած սովահար ու բախտախնդիր իշխանական պատգամավոր, որ բարձր աշխատավարձի ու պարգևավճարի դիմաց կարող է կատարել Փաշինյանի ցանկացած հրաման, սրանք գոնե գիտենք այլ ելք չունեն, այս հնարավորությունը նրանց ձեռքն ընկել է պատահաբար ու այլևս նման բան իրենց համար չի լինի, չենք ընդունում, բայց ըմբռնումով ենք մոտենում նմանների գործելաոճին, բայց Ջուլֆալակյանի տիտղոսներն ու հաջողությունները եթե թվարկենք ու նկարագրենք հոդվածը շուտ չի վերջանա, նա ինչո՞ւ գնաց այդ քայլին։ Հեռանալիս բարեկրթորեն թիմին շանորհակալությունը շատ քիչ է այս դեպքում, ամենաքիչը գոնե պետք է ժողովրդից ներողություն խնդրեր, թեպետ դա էլ բան չի փոխի, բայց գոնե կհասկանանք, որ հասկացել է, թե ինչ է արել ժամանակին։ Ու այս տեսանկյունից Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի խոսքերը․ «Պատիվ է, որ հնարավորություն ստացա ծառայել հայրենիքիս նաև օրենսդիրի կարգավիճակում և կցանկանայի, որ իմ՝ մանդատից հրաժարվելու այս քայլը ևս դիտվի որպես այդ ծառայության մի մաս», առնվազն անհամեստ են հնչում։ Ինքը ծառայել է Փաշինյանին, դրա դիմաց իր սպասումները չեն արդարացել ու հեռանում է օգտագործված, ընդամենը այսքանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/petya.markov.10/posts/344525210239882
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել