Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ ամենայն լրջությամբ դրվի Գալուստ Սահակյանին բառիս բուն իմաստով թոշակի ճամփելու հարցը: Չգիտեմ, թե ինչո՞վ է պայմանավորված՝ ծերունական մառազմո՞վ, բանալ ցինիզմո՞վ, թե՞ ոչ այնքան զարգացած ինտելեկտով, բայց տվյալ քաղաքական գործիչը վերջին մի քանի ամիսների ու հատկապես վերջին մի քանի օրերի ընթացքում իր հրապարակային ելույթներում պարբերաբար թույլ է տալիս իրեն խիստ վիրավորական արտահայտություններ՝ հասարակության լայն շերտերի կամ խոցելի խմբերի նկատմամբ:
Դեռ մի քանի ամիս առաջ մեծ աղմուկ բարձրացավ, երբ Սահակյանը, անդրադառնալով ԱԺ-ում հաշմանդամների համար թեքահարթակներ կառուցելու հարցին, հայտարարեց. «Դե հո մի երկու հոգու համար էդքան փող չե՞նք ծախսելու»: Սրանով նա դրսևորեց տոտալ անտակտություն ու վիրավորական վերաբերմունք հասարակության թերևս ամենախոցելի խմբի նկատմամբ, ինչի համար այդպես էլ պատասխանատվություն չկրեց:
Վերջին մի քանի օրերի ընթացքում էլ գծատեր պարոն Սահակյանը ի՜նչ մեղադրանք ասես չհնչեցրեց տրանսպորտի թանկացման դեմ ընդվզած քաղաքացիների հասցեին: Երեկ չէ առաջին օրը նա հայտարարեց, որ պայքարի դուրս եկած մարդիկ այսօր պայքարում են 100 դրամի, իսկ վաղը կպայքարեն միասեռականների ամուսնությունների համար (հիշեցնեմ, որ դեկլարատիվ ցեղակրոնությունն ու տարոնականությունը՝ որպես գաղափարախոսություն ունեցող ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը բոլորովին վերջերս կողմ էր քվեարկել գենդերային հավասարության մասին օրինագծին, որով այսուհետ տղամարդն իրավունք ունի հայտարարել, որ ինքը կին է և հակառակը), իսկ այսօր էլ հայտարարում է, որ պայքարողները դեղնակտուցներ էին, սա հաղթանակ չէր, կասեցման որոշումը կբերի տրանսպորտի անկմանը, և որ ամենազազրելին է, հայտարարեց, որ այս 5 օրերի ընթացքում ավել վճարված 50 դրամները պետք է փոխհատուցեն «Նրանք, ովքեր 100, 200 հազար դրամներ էին վերցնում, որպեսզի կանգառներում միտինգներ կազմակերպեին»...
Եվ այսքան անպատասխանատու ու հանդուգն պատասխաններից հետո լրագրողի պարզաբանող հարցին, թե այդ ո՞վ էր այդ ամենի հետևում կանգնած, պարոն Գալուստ Սահակյանը վրդովված հայտարարել է. «Ես քո դատողության պրիմիտիվ անձնավորությունը չեմ եւ ոչ էլ հարցաքննվող եմ, որ ասեմ՝ ով ինչ է անում, ոնց է անում։ Ես քաղաքական գաղափարախոսության հետեւանքների մասին եմ խոսում»:
Ստեղծված իրավիճակը պարզորոշ ցույց է տալիս, որ
ա. Լրագրողները շատ են ուշադրություն դարձնում իրեն տկարամիտի պես պահող այս մարդուն, և պետք է սրան ընդհանրապես իգնոր անել
բ. Գալուստ Սահակյանն ամեն իր ելույթից ավելի է ոգևորվում ու ավելի վիրավորական բան է դուրս տալիս մյուս անգամ
գ. Հասարակությունն էլ երես է տվել այս «գործչին», և ժամանակն է մի լավ դաս տալ, որպեսզի հաջորդ անգամ ժողովրդի ու ժողովրդի ինչ-որ մասի, ընդ որում բարոյապես առողջ մասի հասցեին նման վերաբերմունք թույլ տալը մտքով անգամ չանցնի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/desicdenicblog/posts/209255589230472
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել