News.am-ը գրում է.

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մուտքերն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, վարդենիսցիները փակել են՝ պահանջելով ազատ արձակել շուրջ 4 տարի առաջ Սոթքի ոսկու հանքավայրում հնչած կրակոցների գործով ամբաստանյալ Վահագն Մանուկյանին։

NEWS.am-ի հետ զրույցում գործով ամբաստանյալի կինը՝ Դիանա Խաչատրյանը, պատմեց, որ իր ամուսինն այդ քրեական գործի հետ որեւէ առնչություն չի ունեցել. նա միայն այդ տարածքում է եղել։

«Սոթքի ոսկու հանքում 3,5 տարի առաջ կրակոցներ են հնչել։ Վահագնը հանքի տարածքում էր, իրեն ձերբակալել են, որովհետեւ իր մոտ ինքնաձիգ է եղել։ Հանքի անվտանգության աշխատակիցը, ազգությամբ ռուս մոտեցել է իրեն եւ վերցրել զենքը։ Հիմա վարույթն իրականացնող մարմինը հայտարարում է, թե Վահագնի զենքից է կրակոց հնչել եւ կպել է աշխատակցի ոտքին»,- պատմեց ամբաստանյալի կինը։

Նրա խոսքով՝ շուրջ 3,5 տարի տեւող դատաքննությանը գործով տուժողը դատարան չէր հրավիրվել. «Ավտանգության աշխատակցին չէին բերում դատարան, որպեսզի ցուցմունք տար։ Ասում էին՝ չենք կարող բերել, երկրում չի։ Մեր միջոցներով, համացանցով գտել ենք իրեն։ Նա շոկի մեջ էր, երբ իմացավ՝ Վահագն ազատության մեջ չէ, որովհետեւ իրեն ասել էին, թե Վահագն ազատության մեջ է։ Նախորդ դատական նիստին անվտանգության աշխատակիցը եկավ դատարան, ցուցմունք տվեց ու ասաց, որ Վահագնը իր վրա չի կրակել։ Նա ընդամենը Վահագնի ձեռքից վերցրել է զենքը ու այդ պահին կրակոց է արձակվել, ասաց, որ ոչ մի բողոք չունի։ Այս գործով շատ կեղծիքներ են եղել։ Ռուս աշխատակիցն իր բերանով դատարանում հայտարարեց, որ իրեն քննիչն ասել է՝ ասա, որ Վահագն է կրակել, սակայն ինքը չի գրել նման ցուցմունք»։

Դիանա Խաչատրյանն ասաց, որ տուժողի տված ցուցմունքից հետո դատարանին միջնորդություն են ներկայացրել՝ ամբաստնյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժել է այն. «Մի անգամ գրավի դիմաց ազատ արձակեցին, հետո կրկին կալանքի տակ վերցրին։ Դատախազը դատարանին միջնորդել է Վահագին դատապարտել 14 տարի։ Մենք պահանջում ենք արդարություն»։

NEWS.am-ը զրուցեց նաեւ գործով ամբաստանյալի պաշտպան Վարդան Համբարձումյանի հետ, որը նշեց՝ այս քրեական գործի նախաքննությունից սկսած անօրինականություններ են եղել.

«Այս գործի նախաքննության ընթացքում Ոստիկանության կողմից գրվել են կեղծ զեկուցագրեր. իբրեւ զենքի օգտագործմամբ Վահագն Մանուկյանը փորձել է անձանց սպանել։ Ոստիկանները դատարանում արդեն հայտնեցին, որ այդ զեկուցագրերը վերջնական չեն եղել։ Գործով տուժողը, որը ոտքից վնասվածք էր ստացել, շուրջ 3 տարի դատարան չէր ներկայանում, գտնվում էր ՌԴ-ում։ Նա սեպտեմբերի 2-ի դատական նիստին ներկայացավ, ցուցմունք տվեց այն մասին, որ Վահագն Մանուկյանին երբ բռնել եմ հանքում, ինքնաձիգը գտնվել է իմ ձեռքում ու իմ ձեռքում գտնվելու պահին կարկոցներ են արձակվել։ Հայտարարեց, որ Մանուկյանն իր վրա չի կրակել, վնասվածքներ էլ չի պատճառել»։

Պաշտպանը պատմեց նաեւ, որ գործով տուժողը դատարանում հայտարարել է, թե նախաքննության ընթացքում ինքը տվել է ցուցմունք, որ իր վրա Մանուկյանը չի կրակել, սակայն ցուցմունքում այդ մասին չկա. «Նա ասաց, որ քննիչի գործողությունների դեմ պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։ Դատարանն էլ այդ հաղորդումը սահմանված կարգով ուղարկեց ՀՔԾ՝ քննության»։

Համբարձումյանը պատմեց, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ հափշտակության հոդվածով, որը, ըստ պաշտպանի, միայն ենթադրությունների վրա է հիմնված. «Քրեական գործով որեւէ հիմնավորում չկա հափշտակության մասին, միայն ենթադրություններ են։ Մանուկյանը հանքի հարակից տարածքի անասնագոմերից մեկում աշխատելիս է եղել, որտեղից մի պահ դուրս է եկել, տեսել է 2 անձի, որոնց կողմից էլ կրակոցներ են արձակվել, նա այդ պահին պառկել է գետնին, անվտանգության աշխատակիցներն էլ վազել են Մանուկյանի ուղղությամբ։ Այդ ամենից էլ ենթադրել են, թե Մանուկյանը հափշտակության դիտավորություն է ունեցել»։

Համբարձումյանը շեշտեց, որ իրենց միջնորդության մերժման որոշումն իրենք բողոքարկելու են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. «Մենք դատարանին միջնորդություն ներկայացրինք՝ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, սակայն դատարանը մերժեց այն։ Դեռեւս դատարանի որոշումը չենք ստացել, որպեսզի հասկանանք, թե ինչ հիմքով է դատարանը մերժել միջնորդությունը։ Մենք պարտադիր այդ որոշումը բողոքարկելու ենք ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Կարծում ենք, որ դատարանը գործով տուժողի տված ցուցմունքի հիման վրա պետք է Վահագն  Մանուկյանի խափանման միջոցը փոխեր»։

NEWS.am-ի հետ զրույցում գործով տուժող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ 2016 թվականի դեկտեմբերին հանքի տարածքում գործով ամբաստանյալների հայտնվելու իմաստը հափշտակություն իրականացնելն էր.

«Նրանք փորձել են կրկին հանքանյութ հափշտակել եւ անվտանգության աշխատակիցների կողմից հայտնաբերվել են։ Դրանից հետո իր մոտ ապօրինաբար պահվող ինքնաձիգից Մանուկյանը կրակոցներ էր արձակել անվտանգության աշխատակիցներից մեկի ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածքներ։ Մինչեւ այդ պահը նա կրակոցներ էր արձակել նաեւ այլ աշխատակիցների ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, գնդակները նրանց չէին դիպել»։

Երվանդ Վարոսյանը նշեց՝ իր համար հասկանալի է գործով ամբաստանյալների վրդովմունքը, որ իրենց հարազատն անազատության մեջ է, սակայն դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով նրա արարքը հիմնավորված է։

«Ես ցավում եմ, որ վերջին 2,5 տարում Հայաստանում ստեղծված իրավիճակի հետեւանքով մարդիկ կարող են կարող են կարծել, որ դատարաններ շրջափակելով կարող են ճնշում գործադրել դատարանի վրա»։

Անդրադառնալով դատարանում գործով տուժողի տված ցուցմունքին, որով նա հերքում է, թե Մանուկյանն է իր վրա կրակել՝ Վարոսյանն ասաց. «Այդ տուժողը, որն իր այդ հայտարարությամբ զանգ է ստացել ՌԴ-ում բնակվող Վահագն Մանուկյանի ազգականներից, հորդոր է ստացել՝ գալ եւ ցուցմունք տալ։ Իրականում այնքան անհավանական ցուցմունք է տվել։ Իմ գնահատմամբ՝ շատ վատ ուսուցիչներ են աշխատել այդ տուժողի հետ։ Տուժողի այն ցուցումքը, թե ինքը թելից բռնել է ինքնաձիգը, որից հետո ինքնաձիգն ինքնաբերաբար կրակել է իր ձեռքում, ուղղակի հերքվում է քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցներով, ինչպես նաեւ փորձագետի եզրակացություններով»։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վահագն Մանուկյանը նախնական համաձայնության գալով Արմեն Գրիգորյանի եւ գործով չպարզաբանված այլ անձանց հետ՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ ՍՊԸ»-ին պատկանող ոսկու հանքից զգալի չափի ոսկի պարունակող հանքանյութ գաղտնի հափշտակելու նպատակով՝ մուտք են գործել նշված հանքի տարածք, սակայն հանքի անվտանգության աշխատակիցների կողմից խոչնդոտվել են , որի ընթացքում Մանուկյանն իր մոտ եղած ապօրինի ինքնաձիգով կրակահերթ եւ մենահատ կրակոցներ է արձակել աշխատակիցների ուղղությամբ:

Վահագն Մանուկյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 2-րդ եւ 11-րդ կետերով։

Նշենք, որ քրեական գործով ամբաստանյալի կարգավիճակ ունեն 3 անձ. Վահագն Մանուկյանը, Արմեն Գրիգորյանը եւ Մանվել Մելիքյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել