Araratnews.am-ը գրում է.

«Վերջին 20 օրում մենք ամենօրյա ռեժիմով ունենում ենք 200-ից պակաս նոր դեպքեր: Սա, ընդհանուր առմամբ, իհարկե բարելավում է, բայց բարելավման մեկ այլ ցուցանիշ էլ ունենք: Իհարկե, ակտիվ դեպքերի թիվը էականորեն նվազել է, և մենք այս պահի դրությամբ 3000-ից պակաս ակտիվ դեպք ունենք»,- այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ ամփոփելով Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը:

 

Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծեց, որ բարելավման վիճակը շարունակվում է. «Եվ այս առումով կարծում եմ, որ մենք շարունակում ենք բարելավման վիճակում գտնվել,  և առաջիկա մեր ամենամեծ ռիսկն այս բարելավման դիմնամիկան խախտելու՝ դպրոցների բացումն է, և այս առումով կայացվել են որոշումներ, որոնք միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից: Պատճառն այն է, որ կա պահանջ, որ դպրոցում երեխաները պետք է դիմակներ կրեն»: 

 

Միևնույն ժամանակ, վարչապետը նկատեց, որ, իրենց կողմից կայացված որոշումներն առաջին հերթին անդրադառնում են իրենց իսկ երեխաների վրա, ուստի նրանց վնասելու որևէ միտում իրենք չունեն:

 

«Մենք դպրոցներն ուզում ենք բացել և չփակենք, որովհետև, եթե հիմա առաջնորդվենք այն տրամաբանությամբ, ինչ որ որոշ դեպքերում առաջարկվում է, իսկ ի՞նչ է առաջարկվում. ասվում է՝ եկեք բացենք՝ ոչինչ, 20 օրից էլի փակենք: Այսինքն՝ էքսպերիմենտներ հո չե՞նք անելու: Մենք դպրոցները պետք է բացենք այնպես, որ կրկին փակելը բացառվի: Եվ, ընդհանրապես, մենք դեռ մայիսից ենք այդ քաղաքականությունը վարել և  շատ մոտ էինք եզրին, որ էլ չկարողանայինք այլևս շարունակել, բայց մենք գնացինք այդ ճանապարհով, որ բացում ենք՝ էլ չենք պակում, հետևաբար պետք է մաքսիմալ կանոնները պահենք, մաքսիմալ խիստ մոտենանք հարցերին, որպեսզի մենք բացելուց հետո չփակենք: Եվ մեր փորձն ի՞նչ ցույց տվեց. ցավոք սրտի, խնդրել, աղաչել, պաղատելով շատ դեպքերում չի ստացվում, բայց երբ որ չի ստացվում, պետք է վարչական միջոց կիրառել»,- հավելեց վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել