Նիկոլը, լինելով բավականին, այսպես ասած, խորամանկ գործիչ, իր ձեռքում որպես հաղթաթուղթ պահում է իր կողմից մշակած և շուրջ երկուսուկես տարի փայլուն աշխատող «ոսկե բանաձևը», որը շատ պարզ ու հասարակ է՝ «եթե ինձ հեռացնեք իշխանությունից, իշխանության են վերադառնալու նախկինները»։ Սա մի ֆորմուլա է, որը դեռևս աշխատում է, Նիկոլը խաղում է այս տարբերակով, և ըստ էության, ստացվում է։ Հենց դրանով է պայմանավորված ընդդիմադիրների նկատմամբ նման անհարգալից ու ցինիկ պահվածքը, որը դրսևորվում է իշխանության ճամբարից՝ անընդհատ ակնարկելով, թե «ընդդիմությունը Հայաստանում, որպես այդպիսին, գոյություն չունի», կամ ասենք, «ընդդիմության դերում հայտնվել են ռևանշիստները և փորձում են ամեն գնով հետ գալ իշխանության» ու նմանօրինակ նաիվ թեզեր։
Ընդդիմության մասնատման փաշինյանական ռազմավարական հաջորդ քայլը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ հյուսված այն միֆն է, ըստ որի՝ ՀՀ երկու նախագահների միջև գոյություն ունի լուրջ հակասություն և տարաձայնություն, և նրանց համագործակցությունն անհնարին է: Անընդհատ հրապարակ են նետվում տարբեր թեզեր, թե Քոչարյանն ու ՀՀԿ-ն արդեն մեկ անգամ ճանապարհ են անցել, և երկրորդ անգամ այդ միությունն անհնար է։ Այս անբովանդակ և քաղաքական իրականության հետ ոչ մի իրատեսական աղերս չունեցող պնդումները, որոնք ոգևորությամբ տարբեր մեդիահարթակներից հրապարակ են նետում զավթած իշխանությանը սպասարկող «փորձագետ-վերլուծաբաններ», հատուկ մշակված ու հանգամանալից ուսումնասիրված պլանի բաղկացուցիչ մասն է կազմում։
Ակնհայտ է, որ Նիկոլը վախենում է Սարգսյան-Քոչարյան միավորումից, քանի որ, ինչքան էլ նա հայտարարի, թե «իշխանությունը 20 տարուց ավելի ՀՀ-ում զավթված է եղել», «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը թալանել են Հայաստանը», «նրանք են իրականացրել Մարտի 1-ը» կամ, ասենք, «պատասխանատու են Հոկտեմբերի 27-ի համար»։ Սրանք ընդամենը ՄԱՆԻՊՈՒԼԱՏԻՎ և ոչ մի քաղաքական հիմք ու հիմնավորում չունեցող ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ հայտարարություններ են, որոնց շնորհիվ Նիկոլը կարողացավ զավթել իշխանությունը։ Վերը նշված պնդումներից և ոչ մեկի մասին հիմնարար ապացույց ու հստակ մեղադրանք այս երկուսուկես տարվա ընթացքում տեղի չի ունեցել, և վստահաբար կարող ենք ընդգծել, որ այդպես էլ տեղի չի ունենալու։
Ամփոփելով կարող եմ նշել, որ Նիկոլը, շարունակելով հանրության շրջանում գեներացնել ատելություն և փոխադարձ անվստահություն, երկարացնում է իր իշխանազավթման կյանքը։
Հ.Գ. Քաղաքական դաշտի զարգացումներին հետևելիս հստակ ուրվագծվում է, որ զավթած իշխանությունները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի ընդդիմության մոտ որոշակի կոնսոլիդացիա և կոնսենսուս տեղի չունենա։ Ակնհայտ է՝ Նիկոլը կախված է իր աթոռից և, հասկանալով իշխանության համը, փորձում է հնարավոր և անհնար բոլոր միջոցներով ձախողել ընդդիմադիր սեկտորի համախմբումը։