Ալկոհոլային թունավորումից վերջին մեկ օրում մահվան ևս մեկ նոր դեպք է արձանագրվել։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Այս պահին հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում ալկոհոլային թունավորումից բուժում է ստանում 5 պացիենտ։ Թունավորման նոր դեպքեր չեն գրանցվել։

Այսպիսով՝ ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը հասավ 18-ի։

Արձանագրվել էր թունավորման ընդհանուր 46 դեպք, որոնցից 29-ը՝ Արմավիրի մարզում, 7-ը՝ Երեւանում, 2-ը՝ Կոտայքի մարզում։ Բոլոր քաղաքացիները թունավորվել էին մեթիլ սպիրտից։

Սպիրտը վերավաճառած, դրանից օղի ստացած երեք տղամարդ կալանավորված է, երկուսը Արմավիրի բնակիչ են։

Հիշեցում․ էթիլ սպիրտից սուր թունավորման ախտանշաններն են՝ գրգռում, սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ, գլխացավ և գլխապտույտ, նիստագմ, դիպլոպիա, թույլ համակենտրոնացում, անհավասարակշռություն, քնկոտություն, ատաքսիա, կոմա, ցնցումներ, շնչառության խանգարում, ճնշման իջեցում, սրտի դանդաղ աշխատանք, մարմնի ջերմաստիճանի իջեցում, հիպոգլիկեմիա:

Մեթիլ սպիրտի պարագայում, կախված թունավոր նյութերի քանակությունից, թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ մի քանի ժամից մինչև 1-2 օրվա ընթացքում։ Հիմնական ախտանշաններն են՝ գլխապտույտ և գլխացավ, սրտխառնոց և փսխում, մկանային, հոդերի և որովայնի ցավ, գիտակցության մթագնում, քնկոտություն, լուսավախություն, սպեցիֆիկ ազդեցություն տեսողության վրա՝ ընդհուպ մինչև կուրություն, արյան մեջ հեմոգլոբինի և էրիթրոցիտների մակարդակի բարձրացում, իսկ մեզի մեջ սպիտակուցների և հիալինային գլանների հայտնաբերում։

Վերոնշյալ ախտանշանների ի հայտ գալու պարագայում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել