Yerevan.today-ը գրում է.
Հայաստանում տնտեսական վիճակը վատթարանում է, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում աշխատատեղերի ավելացման մասին։ Անցյալ տարի խոսում էր 51 հազար բացված աշխատատեղերի մասին, այս տարի՝ նախ փակված 71 հազար, ապա կրկին բացված 50 հազար աշխատատեղերի մասին։ Մի խոսքով, իր սիրելի հաղորդման հերոսի նմանությամբ՝ «մի 10 հազար ավելի, մի 10 հազար պակաս, ինչ տարբերություն»։ Ուշագրավ է, որ ամեն անգամ նման թվեր «կրակելուց» թավշյա վարչապետը դա անում է մինչև վիճակագրական կոմիտեի կողմից պաշտոնական տվյալների հրապարակումը։ Հաշվարկը պարզ է, երբ դրանք կհրապարակվեն և պարզվի իր հերթական սուտը, այդ թեման արդեն հնացած կլինի։ Մյուս կողմից էլ, այդպիսով վիճկոմն արդեն ուղղորդվում է և գիտի, թե ինչպես անի, որ «շեֆի» հայտարարած թվերի և իր հրապարակածի միջև գոնե մեծ տարբերություններ չլինեն։ Սակայն, դա ոչ միշտ և ոչ ամբողջությամբ է հաջողվում։
«Ապրիլին մենք արձանագրեցինք, որ ՀՀ-ում փակվել է 71 471 աշխատատեղ», մեկ ամիս առաջ գրում է Նիկոլ Փաշինյանը և քիչ անց ավելացնում․ «Այսօր առավոտվանից մենք աշխատում ենք մայիսի տվյալների վրա։ Մեծ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մայիսին, երբ մենք որոշեցինք լոք-դաունի քաղաքականությունը չշարունակել, 50 094 աշխատատեղ վերականգնվեց»: Սա նրա ասածն է, իսկ ի՞նչ է տեղի ունեցել իրականում։
Նախ, այս գրառումից մի քանի օր անց ՊԵԿ ներկայացուցիչը բառացիորեն հայտարարեց, որ տարվա առաջին 4 ամսվա տվյալներով 12 հազար մարդ է ազատվել աշխատանքից։ Մնացածը ոչ թե փակված աշխատատեղեր են եղել, այլ հարկադիր պարապուրդի մեջ գտնված։ 71 հազար փակված աշխատատեղերի մասին Նիկոլ Փաշինյանի ստի նպատակը այն է, որ ցույց տա, թե ի՞նչ «հերոսական» աշխատանք են կատարել՝ նախ փակելով այդ աշխատատեղերը կորոնավիրուսի պատճառով, ապա՝ կրկին վերաբացելով։ Նրա սուտը բացահայտում է նաև վիճկոմի հրապարակած տեղեկատվությունը։
Ըստ այդ տեղեկատվության, ապրիլին աշխատողների թվաքանակը եղել է 585 հազար, մարտի 618 հազարի համեմատ։ Այսինքն, աշխատողների թվաքանակը նվազել է 33 հազարով, ոչ թե 71 հազարով։ Մայիսին, աշխատողների թվաքանակը եղել է 607 հազար՝ ապրիլի համեմատ ավելանալով ընդամենը 22 հազարով, ոչ թե 50 հազարով։ Ամեն ինչ պարզ է ու հասկանալի, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի հրապարակած «փակվող-բացվող» աշխատատեղերի։ Այդուհանդերձ, վիճկոմը չէր կարող անտեսել նրա գրառումը և իրականությունն ամբողջությամբ արտացոլեր։
Մայիսին հաջորդող՝ հունիս և հուլիս ամիսների համար վիճակագրական կոմիտեն պատկերել է ևս 25 հազար ավելացած աշխատողներ, նրանց թիվը հասցնելով 632 հազարի։ Գոնե մոտավոր, թեկուզ Նիկոլ Փաշինյանի հրապարակումից երկու ամիս անց, թվերը մոտ բերելով նրա հայտարարած թվերին։ Սակայն, մի բան հաշվի չեն առել ո՛չ վիճկոմը, ո՛չ կառավարության ղեկավարը․ տնտեսական խորացող անկման ժամանակ աշխատատեղերի ավելացումն անհնար է։ Դրա մասին մանրամասնորեն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակմամբ: Պարզապես կարելի էր ազնիվ լինել և հայտարարել, որ պարապուրդի մեջ գտնվող աշխատատողների մի մասը սկսեն են աշխատեղ։ Ընդամենը այսքանը։ Սակայն Նիկոլ Փաշինյանը այնքանով կարող է ազնիվ լինել, որքանով կորոնավիրուսի շնորհիվ «տնտեսական հեղափոխություն» իրականացնելու և մեր արտահանումը 30 մլրդ դոլարի հասցնելու նրա հայտարարած անհեթեթությունը՝ իրականություն։