19-րդ դարի կեսերի լուսանկարները համարվում էին գերբնական և հազվագյուտ երևույթներ։ Սակայն հենց այդ ժամանակաշրջանում է ի հայտ եկել առաջին ֆոտոմոդելը, որն ինքնուրույն ստեղծում էր սեփական հագուստներն ու զարդարանքները։ Այդ կնոջ լուսանկարները պահպանվում են ԱՄՆ-ի Մետրոպոլիտենի թանգարանում։ Սակայն սեփական արտաքնի նկատմամբ սերը կնոջը հասցրեց մեծ դժբախտության։

Վիրջինիա Օլդոյինին ամուսնացել է 16 տարեկանում Կաստիլյոնի կոմսի հետ։ Նրանք միասին տեղափոխվել են Փարիզ, որտեղ աղջիկն իր կարիերան է սկսել, սակայն ոչ թե որպես ֆոտոմոդել, այլ որպես լրտես։ Նրա զարմիկը աղջկա գեղեցկությունն օգտագործում էր Իտալիայի հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու համար։ Վիրջինիան շատ արագ հարմարվեց իր աշխատանքին և հիացրեց Նապոլեոն III-ին։

Կայսեր հետ ունեցած հարաբերությունները հնարավորություն տվեցին Վիրջինիային բարձր հասարակություն մուտք գործել, որտեղ նա հետագայում շարունակում էր կատարել զարմիկի կագադրությունները։ Երբ ընթանում էր ֆրանս-պրուսական պատերազմը, գեղեցկուհին կարողացավ հենց Օտտո ֆոն Բիսմարկին համոզել չշրջափակել Փարիզը։

Դա կոմսուհու կյանքի երկրորդ ամենասիրելի զբաղմունքն էր, իսկ առաջին տեղում մշտապես հենց ինքն էր։ Կինն ինքն իրեն շատ էր սիրում, մշտապես զբաղվում էր իր ատաքինով, չուներ ընկերուհիներ, քանի որ բոլորը նրան նախանձում էին։ Վիրջինիան դարձավ Փարիզի առաջին գեղեցկուհիներից մեկը։

Լուսանկարներում Վիրջինիան փրկություն էր փնտրում, ցանկանում էր կանգնեցնել ժամանակը և ֆիքսել սեփական գեղեցկությունը։ Նրան լուսանկարում էր կայսեր պալատական լուսանկարիչ Պիեռ Լուի Պիեռսոնը։ Կոմսուհին այնքան մեծ հաճույք էր ստանում այդ գործընթացից, որ իր ողջ կյանքի ընթացքում հասցրել է անել 400 լուսանկար, որն այդ տարիներին պարզապես անհավանական թիվ էր համարվում։ Մինչ այդ ոչ ոք այդքան ակտիվորեն լուսանկարվելով չի զբաղվել։ Լուսանկարների հատուկ շարք էր ստեղծվել նաև իր թշնամիների համար, որոնցում գեղեցկուհին ձեռքում սուր էր պահում։ Երբ լուսանկարները պատրաստ էին լինում, Վիրջինիան ինքնուրույն փորձում էր «ֆոտոշոփել» դրանք. ներկում էր հագուստը, նկարում այն ամենը, ինչը պակաս էր համարում։ Վիրջինիան կարծում էր, որ ունի ամենագեղեցիկ ոտքերը, հետևաբար մարմնի այդ մասին լուսանկարների առանձին շարք է նվիրել։

Վիրջինիան այնքան էր տարվել իր սիրելի զբաղմունքով, որ չէր էլ նկատում, որ պարզապես սնանկացնում է ամուսնուն. չէ՞ որ լուսանկարվելն այդ տարիներին չափազանց թանկ հաճույք էին համարվում, չխոսենք նաև նրա անհամար հագուստների ու զարդերի մասին։ Կոմսը չհանդուրժեց կնոջ դավաճանությունները, ծախսերը և ամուսնալուծվեց, ինչը, սակայն, այնքան էլ չանհանգստացրեց Վիրջինիային։

Ծերության հետ Վիրջինիան չէր կարողանում համակերպվել։ Նա շատ էր սրտնեղում արտաքին փոփոխություններից, հրամայել էր տնից հանել բոլոր հայելիները և պատերը սև ներկել։ Հենց այդպես էլ սկսվեց կոմսուհւ դեպրեսիան, որը վերաճեց նևրաստենիայի։ Կինը փակվեց տանը և դուրս էր գալիս միայն գիշերը, կտրականապես չէր ուզում, որ իրեն ծերության շրջանում որևէ մեկը տեսնի։ Նա ցանկանում էր, որ բոլորն իրեն հիշեն հավետ երիտասարդ և գեղեցիկ։ Մշտական մտահոգությունների հետևանքով Վիրջինիան մահացավ 62 տարեկան հասակում ինսուլտից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել