Վերջին երկու տարիները Հայաստանի և հայերի հետ հարաբերություններում Անկարայի և Բաքվի «ոսկե դարն են»: Ժամանակ, երբ Հայաստանն ու հայերն իրենց համար քարոզչական դաշտում որևէ խնդիր չեն առաջացնում, իսկ իրենք առանց Հայաստանից ու հայությունից եկող որևէ դիմադրության կարող են քարոզչական դաշտում անել սրտի ուզածը` կեղծել պատմությունը, քարոզչական ականներ շարել, նախապատրաստական աշխատանքներ տանել… Չէ՞ որ վերջին երկու տարում Հայաստանում իշխանության եկած փողոցայինների խմբակը փոխել է պետության նպատակները: Օրինակ` թուրք ներողների համառ ջանքերով Հայոց ցեղասպանության հետ կապված մենք հիմա փաստացի միայն հիշում ենք և այլևս չենք պահանջում, մենք այլևս ոչինչ չենք պահանջում: Չէ՞ որ պարզվեց, որ Հայաստանում իշխանությունը զավթած մարդու համար ընդունելի է Արցախի հիմնահարցի լուծման միայն այն տարբերակը, որը ընդունելի է նաև ադրբեջանցիների համար: Կարճ ասած` աբսուրդ:
Իսկ արդյո՞ք փոխվել են Թուրքիայի և Ադրբեջանի նպատակները: Ոչ և կրկին ոչ: Դրանք չենք փոխվել և տեսանելի ապագայում չեն էլ փոխվելու: Ավելին` դրանք կփոխվեն միայն այն ժամանակ, երբ մենք այնքան ուժ կունենանք, որ կստիպենք նրանց փոխել իրենց նպատակները: Ինչպես հիմա են արդեն ասում, թուրքերն ու ադրբեջանցիները մեզ քիչ էին, Նիկոլ Փաշինյանն էլ Հայաստանում իշխանություն զավթեց: Ու քանի կա Փաշինյանի ռեժիմը, քարոզչական դաշտում Ադրբեջանն ու Թուրքիան անշեղորեն առաջ են գնալու` փաստացի մոտենալով այն կարմիր գծին, որից այն կողմ վերջին երեսուն տարիներին Հայաստանի ու համայն հայության քարոզչական դաշտում կատարած տիտանական աշխատանքը ջուրը նետելն է:
Հ.Գ. Սա մի շատ հայտնի թուրքական ֆիլմից հատված է: Այս ֆիլմն աշխարհում միլիոնավոր մարդիկ են նայել ու նայում: Տեսեք, թե ինչպես են կեղծում պատմությունը և Ադրբեջանը խցկում մարդկանց ուղեղների մեջ: 16-րդ դարում ոչ միայն Ադրբեջան չի եղել, այլև Ադրբեջանի անվան տակ ներկայացվող Ատրպատականը (ժամանակակից Իրանի հյուսիսային շրջանները) երբեք չի եղել օսմանների տիրապետության տակ: Այո՛, կարճ ժամանակ օկուպացվել է, բայց պատերազմի վերջնարդյունքում հետ է վերադարձվել Իրանին: Հիմա արդեն Ադրբեջանն է նման ֆիլմեր նկարում` գեղարվեստական և «փաստավավերագրական», որով համաշխարհային հանրության գլուխը պետք է մտցնի կեղծված պատմությունն ու Բաքվի քարոզիչների հիվանդ երևակայության արդյունքները: Գլոբալ մակարդակում մարդկանց սրտերն ու մտքերը գրավելու պայքար է գնում: Ու երևի թե չեք կասկածում, որ սրա նպատակը մեկն է` Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծվելիք մեծածավալ պատերազմում ունենալ քարոզչական առավելություն` պատերազմական հանցագործությունները որպես հերոսություններ ներկայացնելու շատ հստակ նպատակներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել