Էվոլյուցիան սահմաններ չճանաչող երևույթ է։ Այն պատմության ընթացքում կա՛մ արագ ու մեծ քայլերով առաջ է գնացել, կա՛մ դանդաղել և հետ գնացել։ Դա վերաբերում է նաև մարդու գլխուղեղին։ Չգիտես ինչու՝ մարդիկ կարծում են, որ որքան մեծ է լինում ուղեղը, այնքան խելացի է լինում մարդը, սակայն գիտնականներն ապացուցել են, որ գլխուղեղի չափսի և ինտելեկտի մեջ կապն այնքան էլ մեծ չէ։

էվոլյւցիայի ընթացքում ոչ միայն մարդու գլխուղեղն է ավելի մեծացել, այլև մյուս կենդանի օրգանիզմների ուղեղները։ Այսինքն՝ որքան հնարամիտ են մարդիկ դարձել կենդանիներ բռնելու ու սպանելու հարցում, այնքան խորամանկ են դարձել վերջիններս։

Սակայն ոչ բոլոր հնագույն մարդիկ են ցանկացել ավելի խելացի դառնալ։ Ինդոնեզիայի փոքրիկ կղզում ապրող «հոբբիթները» ավելի քան գոհ էին իրենց ինտելեկտի մակարդակից, սակայն նրանց ուղեղները կշռում էին ընդամենը 400-600 գ։ Դա նրանց չէր խանգարում որսորդություն կատարել կամ քարե գործիքներ պատրաստել։ Հոբբիթների կյանքն ամենահարմարը չէր, սակայն լուրջ վտանգների նրանք չէին հանդիպում։ Նրանց ուղեղն ի սկզբանե փոքր չի եղել. դրա չափսերը նվազել են աստիճանաբար, երբ հոբբիթները հասկացել են, որ ապրում են մեկուսացված կղզում և կարիք չունեն մշտապես ինքնապաշտպանվելու ու սնունդ հայթայթելը։ Այսինքն, կարելի է ենթադրել, որ համեմատաբար բարենպաստ կենսական պայմանները դարձել են այս մարդկանց գլխուղեղի չափսի փոքրացման պատճառ։

Վերջին 25,000 տարվա ընթացքում ընդհանրապես մարդ արարածի գլխուղեղը ևս փոքրացել է։ Դա միջին ցուցանիշ է մոլորակի վրա. հազար տարում ուղեղը փոքրացել է մոտ 100 գրամով։ Պատճառը բացահայտելու համար երկու վարկած է առաջ քաշվել։

Ըստ վարկածներից առաջինի՝ գլխուղեղը փոքրացել է, սակայն նեյրոնային կապերը միաժամանակ բարդացել են, և մեծացել է ազդակներ տալու արագությունը, հետևաբար՝ չափսի փոքրացումը ծայրահեղ երևույթ դիտարկելու կարիք չկա։

Երկրորդ վարկածն ասում է, որ քանի որ ուղեղը փոքրացել է 100 գրամով, սա նշանակում է, որ մարդկությունը, թեկուզ մի փոքր, սակայն իջեցրել է իր ինտելեկտուալ մակարդակը։ Պատճառն այն է, որ ժամանակակից մարդուն պետք չէ իմանալ՝ ինչպես ինքնապաշտպանվել, բնակության վայր կամ սնունդ գտնել։

Վերջինս գիտնականների ամենուժեղ փաստարկն է առ այն, որ մարդու ուղեղը հետագայում ևս կշարունակի փոքրանալ։ Դա կախված է այն բանից, թե ինչպիսի շրջակա միջավայր կստեղծի մարդկությունը և որքան հարմարավետ կզգա իրեն այնտեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել