«Վահե Գրիգորյանի կողմից Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակը զավթելու դեպքի առնչությամբ պետք է հստակ արձանագրվի հետևյալը․
Անձի, տվյալ դեպքում ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակի զավթումը նրա մասնավոր կյանքին միջամտող գործողություն է, իսկ քրեադատավարական իմաստով աշխատասենյակը հավասարեցված է բնակարանին: Այդ աշխատասենյակի նկատմամբ մասնավորության ակնկալիք (expectation of privacy) ունի հենց այն անձը, ում հատկացված է այդ աշխատասենյակը և ով զբաղեցնում է այն: Այս երաշխիքը պատահական չէ. այն նպատակ ունի երաշխավորելու մասնավոր կյանքի պաշտպանության իրավաչափ անհրաժեշտությունը:
Գյուլումյանի աշխատասենյակում կարող էին գտնվել թանկարժեք իրեր, որոնք անձնապես պատկանում են իրեն, աշխատասենյակում գտնվող գույքը և աշխատանքային տեխնիկան նյութաիրավական պատասխանատվության պայմանագրի հիմքով հանձնված է Գյուլումյանին և դրանց վնասման և այլնի դեպքում պատասխանատվություն կրում է բացառապես Ալվինա Գյուլումյանը։
Արդյոք այս հարցերը համակողմանիորեն ուսումնասիրվել է ՍԴ աշխատակազմի ղեկավարին փոխարինողի կողմից, ով ջանասիրաբար ՍԴ ինքնահռչակ նախագահին հատկացրել է գործող դատավորի աշխատասենյակը՝ չգիտեմ, բայց այն, որ Վահե Գրիգորյանի և ՍԴ աշխատակազմի ղեկավարի փոխարինող Սամվել Առաքելյանի գործողություններում առերևույթ առկա է քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ՝ կարծում եմ աներկբա է»։