Հետաքրքրությամբ եմ հետևում երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2013» միջազգային մրցույթին: Կարելի է ասել` ավելի մեծ հաճույքով ու հետաքրքրությամբ, քան «Եվրատեսիլն» եմ դիտել: Այստեղ երգերը մեծամասամբ ավելի իմաստային են՝ առանց եվրոպական ղժդժոցների և անհասկանալի սեռի ու ծագման կատարողների: Մրցույթը սպասարկող անձնակազմն` հաղորդավարներից մինչև ժյուրի, քաջ ծանոթ է: Նկատենք, որ այս տարվա մեր մասնակիցը՝ Մաշան, շատ ճիշտ է ընտրված: «The voice» մրցույթով ճանաչում ստացած այս աղջնակը բավական հզոր ձայնային տվյալներ ունի ու միանշանակ ասելու և ցույց տալու բան ունի խստապահանջ ժյուրիին: Իհարկե, Մերին ֆավորիտների մեջ է, ու մեծ հավանականություն կա, որ նա մրցույթից դատարկաձեռն չի հեռանա, բայց մի բան կա, որ ինձ ամեն դեպքում հանգիստ չի տալիս: Ակնհայտ է, որ ժյուրին կողմնապահություն է անում: Ավելի կոնկրետ Մելաձե եղբայրները: Նկատեք` մրցութային առաջին օրը, երբ Մերին կատարեց Սելին Դիոնի երգացանկից «All By Myself» ստեղծագործությունը, ժյուրիի անդամներից 5-ը նրան 10 գնահատական տվեցին, իսկ 5-ը` 11, և միայն մեկը՝ Վալերի Մելաձեն, նրան 9 բալ տվեց: Մրցութային երկրորդ օրը նույնպես հաջող էր: Էրիկի հետ դուետը բավական հուզական էր ստացվել: Այս անգամ ժյուրիի բոլոր անդամները, բացի մեկից, նրան 11 բալ տվեցին: Իսկ ո՞վ էր այդ մեկը: Այս անգամ մյուս Մելաձեն՝ Կոնստանտինը: Չգիտեմ` այս դավադրության շարժառիթն ու նպատակը որն է, բայց այս ամենը շատ ակնհայտ է ու պատիվ չի բերում նման որակյալ մրցույթին: Հուսով ու հավատով եմ լցված, որ հայտնի եղբայրները խելքի կգան, ու չնայած որ Կոնստանտինը արդեն իր ֆավորիտի անունը շրջանառության մեջ է դրել ու նրան անթաքույց պաշտպանում է (դա Ռոբերտո Կել Տորրեսն է Կուբայից), դա չի խանգարի, որ եղբայրները Մերիի ելույթը մրցութային երրորդ օրը գնահատեն ըստ արժանվույն ու զերծ մնան խարդախություններից: Իսկ մեր աղջկան մաղթում եմ մեծ ինքնավստահություն ու քիչ հուզմունք: Նման տվյալներ ունեցող մարդու համար «Նոր ալիքում» հաղթանակը պետք է որ շատ հեշտությամբ տրվի:
Իսկ ձեզ առաջարկում եմ ևս մեկ անգամ վայելել մեր աղջկա հրաշալի կատարումները ու հատկապես ուշադրություն դարձնել խարդախ եղբայրների բարձրացրած գնահատականներին ու դեմքի արտահայտությանը: