Սիրելի՛ քույրեր և եղբայրներ՝ Արցախում, Մայր հայրենիքում և Սփյուռքում,
Շնորհավորում եմ բոլորիդ համահայկական տոնի՝ Արցախի անկախության օրվա առթիվ:
1991 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ վտանգի մեջ գտնվող արցախահայությունը իր պատմական հայրենիքի մի հատվածում, այդ ժամանակ գործող բոլոր իրավական և միջազգային նորմերին համապատասխան, հաստատուն որոշում կայացրեց Արցախը հռչակել անկախ պետություն, քաջ գիտակցում էր, որ չափազանց թանկ է վճարելու այդ որոշման համար, որին աներկբա սատար կանգնեց ամբողջ հայությունը: Իր բազմաթիվ զավակների կյանքի գնով, պատերազմի արհավիրքների ու զրկանքների միջով անցնելով՝ մեր ժողովուրդը հերոսաբար պաշտպանեց արցախահայության անկախ, ազատ և արժանավայել ապրելու իրավունքը:
Մենք բոլորս միասին անցանք
հերոսական այդ ճանապարհը, հետո միասին շարունակեցինք պայքարը նորանկախ պետության կայացման, պետականության ամրապնդման ու արցախահայության բարօրության ապահովման համար:
Դրանք ոչ պակաս դժվարին պայքարի տարիներ էին՝ պաշտպանության բանակի կազմավորումից մինչև պետական ինստիտուտների ձևավորում, բնակչության կենսագործունեության համար բնականոն պայմանների ստեղծում:
Այսօր վստահորեն կարող ենք փաստել՝ մենք պատվով ենք անցել ազատամարտի և պետականաշինության ճանապարհը: Վկան՝ կայացած և տարեցտարի զարգացող ու հզորացող Արցախի Հանրապետությունն է:
Շուրջ երեք տասնամյակ բոլոր դժվարությունները հաղթահարելի էին, քանի որ Արցախն իր թիկունքին մշտապես զգացել է համայն հայության՝ Մայր Հայաստանի և Սփյուռքի զորակցությունը: Այդ եռամիասնության ուժը մեր հաղթանակների գրավականն է, և ցանակացած ոք, ով քաղաքական կամ այլ շահերով պայմանավորված կհանդգնի խաթարել այն, թուլացնել մեր ազգային ոգին և դիմադրողականությունը, անկասկած, ներում չի ունենա ու կարժանանա նաև պատմության դատին:
Արցախը մշտապես եղել է և պետք է շարունակի մնալ մեր միասնության ու հաղթանակների խորհրդանիշը:
Այս նվիրական օրը գլուխ եմ խոնարհում բոլոր այն հերոսների, իմ բազմաթիվ մարտական ընկերների հիշատակի առջև, ում հետ պատիվ եմ ունեցել անցնել Արցախի անկախության համար հերոսական պայքարի ճանապարհը:
Փա՛ռք հանուն Արցախի նահատակված մեր բոլոր քաջորդիներին:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր պայքարն ավարտված չէ, քանի դեռ Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, քանի դեռ Արցախի պետական սահմանների նկատմամբ թշնամին ոտնձգություններ է կատարում, և մեր քույրերի ու եղբայրների անվտանգությունը լիովին ապահովված չէ:
Կրկին շնորհավորելով համազգային տոնի՝ Արցախի անկախության հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ, մաղթում եմ հարատև խաղաղություն, բարօրություն և ամուր հավատ ապագայի նկատմամբ:
Արցախը կատարել է իր ընտրությունը և այլևս երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Կեցցե՛ ազատ և անկախ Արցախի Հանրապետությունը։
Կեցցե՛ հայ ժողովուրդը: