ՀՀ կառավարությունը այսուհետ որոշումներ ընդունելիս վատ չէր լինի, որպեսզի հիշեր, թե ինչ ավարտ են ունենում այն որոշումները, որոնք չեն բխում ժողովրդի շահերից: Վատ չէր լինի, որ հիշելով այս պատմությունը` գար այն եզրակացության, որ բոլոր կտրուկ որոշումներ ընդունելուց առաջ պետք է բարեհաճել նախօրոք ներկայացնել հասարակական քննարկման: Վատ չէր լինի հիշել, որ այսօրվա հայ սերունդը այլևս չի հանդուրժելու ոչ կենսունակ, առանց պատշաճ հիմնավորումների ցանկացած որոշում: Վերջին իրադարձություններից հետո մենք կարող ենք հանգիստ ասել, որ ներկայիս աճող սերունդը շեշտակիորեն տարբերվում է նախկիններից: Եթե նախկինները, այսինքն` մենք, ինչու չէ նաև մեզանից ավագները, իշխանության բոլոր որոշումները ընդունելով որպես դոգմա, ճարահատյալ համակերպվել ենք, ապա ներկայիս անկախ Հայաստանում ծնված սերունդը անհանդուրժող է չհիմնավորված որոշումների հանդեպ:
Ըստ իս` պատճառը հետևյալն է` մենք և մեր նախորդները ապրել ենք կոմունիստական հասարակարգում և մեր մաշկի վրա զգացել ենք յուրաքանչյուր ընդվզման դիմաց պետական ապարատի ճիպոտը: Այն տարիներին ապրելով «տպատառ ցանկացած տեքստ քննարկման ենթակա չէ» կարծրատիպով` մենք մեզ հետ բերեցինք այդ ավանդույթը նոր անկախ Հայաստան:
Մինչ օրս տարբեր իշխանություններ յուրաքանչյուր որոշում ընդունելիս, հաշվի առնելով այդ կարծրատիպը, իրենց առանձնապես չեն ծանրաբեռնել` հասկանալով, որ հալած յուղի տեղ կանցկացնեն իրենց որոշումները, որը անխափան գործում էր մինչ ս.թ հուլիսի 25-ը...): Այն խանդավառությունը, որն իմ աչքով տեսա Երևանի փողոցներում` կապված սակագնի որոշման կասեցման հետ, վկայում է այն մասին, որ այս ինքնաբուխ շարժումը, տոնելով իր առաջին հաղթանակը, ավանդույթ ստեղծեց նորանոր ժողովրդական հաղթանակների:
Նյութի աղբյուր՝ այստեղ