Եթե ուզում եք ճշգրտությամբ հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, ուշադրություն դարձրեք մեր միջին քաղաքացու` գյուղում, թե քաղաքում, ամենահաճախ հանդիպող ձևակերպումներին` 2018-ին, 2019-ին և այսօր:
2018-ի գարնանը միջին հայաստանցին ինձ ասում էր հետևյալը. «Հազիվ պրծանք ձեզնից: Ամեն ինչ լավ է լինելու: Երկիրը չթալանեն, մենք վարդի պես կապրենք»:
2019-ին այդ նույն միջին քաղաքացին ինձ ասում էր հետևյալը. «Նիկոլը չլիներ, պոլի փետ լիներ, հետևից գնալու էինք: Վիճակը տենց էր: Հա, մեծ բան չի փոխվել, բայց դե ժամանակ է պետք, հո 30 տարվա քանդածը երկու տարում չի՞ դզվի»:
Էսօր արդեն, 2020-ի ամռան ավարտին այդ նույն միջին քաղաքացին ինձ ասում է. «Է՜, ախպեր, ով էլ գա մեր վիճակը նույնն է մնալու: Էդ իրենց վիճակն է փոխվում»:
Ասածս ի՞նչ է: 2018-ի հանրային մեծ լավատեսությանը հաջորդել է այսօրվա մեծ հիասթափությունը: Հիմա ժամանակն էլ չէ վիճել, թե որքանով է օրեցօր մեծ թափ հավաքող զանգվածային այս հիասթափությունը բնական ու սպասելի կամ ինչքանով է այն հետևանք Նիկոլ Փաշինյանի քաղաքական ու պետական կառավարման քրեստոմատիական ապիկարության:
Մեծ հիասթափությանը մեր պարագայում միշտ հաջորդում է, ցավոք, մեծ արտագաղթը: Էսօր սահմանները դեռ փակ են: Մենք չգիտենք, թե զանգվածային հիասթափության էս տեմպերով խորանալու դեպքում ինչ տեսք կստանա արտագաղթի նոր ալիքը, երբ սահմաններն արդեն բաց կլինեն: Դա կլինի անթույլատրելի արնահոսություն առանց այդ էլ արյունազրկվող մեր հավաքական օրգանիզմի համար:
Գուցե հետևությունս պարադոքսալ թվա, սակայն երկրում քաղաքական իրավիճակի արմատական փոփոխության և զանգվածային լավատեսության վերադարձի պետք է հասնել արագ` մինչև սահմանների բացումը: Հակառակը ծանր գին է ունենալու մեր ապագայի համար` զանգվածային արտագաղթի ևս մեկ մեծ ալիքի տեսքով: Մեր երկիրը, նրա օրգանիզմը դա արդեն կարող է չվերապրել...