24.08 — Զարեհ Սինանյանը՝ քրիստոնյա արաբներին Հայաստանում վերաբնակեցնելու մասին «Ազատությանը» տված հարցազրույցի ժամանակ. «Սա կեղծ օրակարգ է, շինծու հարց է, անհեթեթ է, որևէ նման բան որևէ մեկը չի ասել, նույնիսկ չի էլ մտածել դրա մասին, հետևաբար հարցի կարճ պատասխանը` չենք անում: Սրանից 10 օր առաջ զումի ֆորմատով լիբանանյան ճգնաժամի մասին մի կոնֆերանս տեղի ունեցավ, այն, ինչ ինձ է վերագրվում, իրականում առաջարկել է Շահան Գանտահարյանը` Դաշնակցությունից, ասաց, որ իհարկե ժամանակին, երբ Հայաստանը հասնի այդ կետին, պետք է մտածել ժողովրդագրական խնդիրները լուծել մեզ նման ազգերի կլանման և ուծեծման միջոցով...»:

07.08 — Շահան Գանտահարյանը՝ Զարեհ Սինանյանի նշած տեսակապով քննարկման ժամանակ. «Կա նաև երրորդ նուրբ կետն այստեղ, որ արժե մտածել, գիտեմ, որ հիմա պատրաստ չենք այդ ուղղությամբ, բայց նաև, գիտեք, որ աղետի գոտիից հետո հումանիտար գործողություններին ընդհանրապես հետևում է նաև տարբեր երկրների միգրացիոն ծրագրերի իրականացումը, այս պարագայում նման աղետից դուրս գալու փափագ ունեցող մարդկանց ընդունելու խնդիրը, միջազգային պրակտիկան նկատի ունենալով՝ միայն հայերին կարող է չվերաբերել: Պետք է նկատել, որ ահագին լիբանանցիներ, որոնք հայության հետ կապ չունեն, իրենց ծագումնաբանության մեջ հայի արմատներ են փնտրում այսօր, քաղաքացիություն ստանալու համար: Եվ նման մարդկանց (քրիստոնյա ազգաբնակչության ) ներհոսքի հեռանկարային խնդիր կարող է դրվի»:

07.08 — Զարեհ Սինանյանը տեսակապով քննարկման ժամանակ. «Մենք պետք է այնպիսի իրականություն ստեղծենք Հայաստանում, որպեսզի ոչ շատ հեռավոր ապագայում մտածենք ոչ միայն հայերի հայրենադարձության մասին, այլ նաև Հայաստանը դարձնելու հայրենիք մեզ նման ազգերի համար: խոսքը գնում է քրիստոնյա արաբների, ասորիների, այն ազգերի մասին, որոնք ազգային անվտանգության տեսանկյունից սպառնալիք չեն ներկայացնում և կարող են հեշտորեն ինտեգրվել Հայաստանում: Որովհետև նման ձևերով խելացի մտածված, քաղաքակիրթ ձևերով մենք կարող ենք դեմոգրաֆիկ իրավիճակը Հայաստանում փոխել: Եվ դրանից պետք չի ամաչել դա ճիշտ քայլ է: Դա հաջողություն կլինի: Պատկերացրեք, որ մենք Հայաստանը կդարձնենք մի երկիր որը գրավիչ է ոչ միայն հայերի համար»:

24.08 — Զարեհ Սինանյանը՝ «Ազատությանը» տված նույն հարցազրույցի ժամանակ. «Աճող, հզոր պետությունները երբեք միատարր չեն և միշտ հզորանում են հենց այլ ազգերին իրենց մեջ ուծացնելու հաշվին: Մերոնք երևի լսել են Արգիշտի արքայի մասին կամ Տիգրանի Մեծի մասին: Արգիշտին գրում է, որ գրավեցի Էրեբունի տարածքը և ասում է այս ինչ տեղից այս երկու ցեղը բերեցի-դրեցի Էրեբունիում: Տիգրան Մեծը, որով բոլորս հպարտանում ենք, 300.000 հրեաների բերեց և բնակեցրեց Հայաստանում, որպեսզի շենացնեն մեր երկիրը… Ցանկացած մայրցամաքային մեծ պետություն չի մեծացել զուտ իր հաշվին, այլ կարողացել է կլանել և իր մեջ ինտեգրել այլ ազգերի: Հիմա դրա մասին է խոսքը. Հայաստանը դառնում է այնքան հզոր ու ուժեղ, որ կարողանում է մյուս ազգերի համար էլ գրավիչ լինել: Դա արդեն ինքնին հաջողություն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել